Հայաստան ժամանած Իրանի պատվիրակությունն այցելել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն
Իրանի հակաականային գործունեության կենտրոնի ղեկավար կազմը՝ տնօրեն Մոհամմադ Հոսեյն Ամիր Ահմադիի գլխավորությամբ, փետրվարի 15-ին այցելել է ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ): ՀԱՓԿ-ից հայտնում են, որ հյուրերը ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, կարողություններին, ականատես եղել դաշտային գործնական պարապմունքներին։ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը բարձր է գնահատել հակաականային գործունեության ոլորտում ՀՀ և ԻԻՀ միջև առկա համագործակցությունը և շեշտել փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։ Մոհամմադ Հոսեյն Ամիր Ահմադին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար, փաստել ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը, հույս հայտնել, որ հայաստանյան հանդիպումը ևս կունենա դրական արդյունք և հիմք կհանդիսանա համագործակցության հետագա զարգացման համար։ «Հումանիտար ականազերծման գործողությունը կարևոր է այն առումով, որ փաստացի մարդու կյանքն է փրկվում, ինչպես նաև ստեղծվում պայմաններ՝ նրա անվտանգ ապրելակերպի համար: Պատրաստակամ ենք այս ոլորտում «ՀԱՓԿ»-ի հետ լայնածավալ և երկարաժամկետ համագործակցության»,- նշել է նա: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությունն առավել առարկայական դարձնելու հետ կապված հարցեր՝ մասնավորապես, շոշափվել է ԻԻՀ ՀԳԿ միջազգային ուսումնական կենտրոնում «ՀԱՓԿ» մասնագետների վերապատրաստման հնարավորությունը: Հանդիպման ավարտին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Իրանի Իսլամական Հանրապետության հակաականային գործունեության կենտրոնի միջև ստորագրվել է հումանիտար հակաականային գործունեության ոլորտում փոխգործակցության հուշագիր։
Comentarios