Search

Հայաստանում քվանտային քաղաքականությամբ զբաղվող գիտական խումբ է ստեղծվել



Ալբերտ Այնշտայնի նման գիտնականները հայտնի են ամբողջ աշխարհում, բայց քչերն են հասկանում հարաբերականության տեսությունը կամ քվանտային ֆիզիկան: Պարզ ասած, քվանտային տեսությունը բացատրում է տիեզերքը կազմող տարրական մասնիկների վարքագիծը: Ֆիզիկոսները նկարագրում են այդ մասնիկների պահվածքը ճիշտ նույն կերպ, ինչպես լրագրողները քաղաքական գործիչների «տարօրինակ», «խորհրդավոր», «անբացատրելի», «հիմար», երբեմն նույնիսկ «սատանայական» վարքագիծը: Մասնիկները, առաջին հայացքից, ցուցաբերում են անկանխատեսելի վարքագիծ, սակայն դա միայն առաջին հայացքից, կան որոշակի օրինաչափություններ: Մասնիկները շարժվում են որոշակի ուժերի ազդեցության ներքո՝ հասնելու իրենց նպատակակետին, որտեղ ուժերը հավասարակշռված են. քաղաքական գործիչներն էլ նպատակ են հետապնդում հասարակական բարձր վարկանիշ ունենալու, ընտրությունների ժամանակ շատ ձայներ հավաքելու: Նմանություններ կան, իրոք:

Անսպասելի քաղաքական շրջադարձերը, միևնույն հասարակական-քաղաքական երևույթի գրեթե միաժամանակ ի հայտ գալը աշխարհի միմյանց հետ գրեթե կապ չունեցող երկրներում, «քվանտային քաղաքականության» դրսևորումներ են, արտահայտություն, որը հեղինակել և շրջանառության մեջ է դրել Հայաստանի ֆիզիկոս-նախագահ Արմեն Սարգսյանը: Ֆիզիկայում, օրինակ, ժամանակին ատոմներն էին համարվում նյութի ամենափոքր և անբաժանելի մասնիկները: Այս պատկերացումն ամբողջությամբ փոփոխվեց 20-րդ դարի առաջին կեսին քվանտային ֆիզիկայի ի հայտ գալով (Պլանկ, Այնշտայն, Շրյոդինգեր, Բրոյլ, Բոր, Պաուլի, Հեյզենբերգ և այլն): Քաղաքականության մասին մեր պատկերացումները ևս պարտադիր թարմացման կարիք ունեն. անհրաժեշտաբար հարկավոր է հաշվի առնել նոր տեխնոլոգիաների և սոցիալական լրատվամիջոցների ու ցանցերի կարևոր դերը: Ֆիզիկայում, ինչպես քաղաքականության մեջ, ուղղագիծ մտածողությունն արդեն հնացած է: Մենք այժմ ապրում ենք անորոշության, անկանխատեսելիության, արագացող փոփոխությունների, խճճվածության և փոխկապակցվածության դարաշրջանում:

Քվանտային ֆիզիկան դասականից տարբերվում է այն տարօրինակ փաստով, որ դիտելիս մասնիկը ազդվում է և փոխում իր վարքագիծը, ուղին: Յուրաքանչյուր դիտարկում փոխում է ստացվող արդյունքը: Նույնը տեղի է ունենում նաև քվանտային քաղաքականության մեջ: Սոցիալական լրատվամիջոցները հնարավորություն են տալիս և՛ մոտիկ, և՛ շատ հեռու գտնվող մարդկանց հետևել իրենց հետաքրքրությունների շրջանակներում գտնվող բոլոր քաղաքական զարգացումներին, որոշակիորեն ազդել դրանց վրա։ Այս փաստը ազդեցիկ ռեակցիաներ է առաջացնում նույնիսկ ուղղակիորեն չկապակցված տարածաշրջաններում, քաղաքական վարքի կամ որոշումների փոփոխություն է հարուցում:

Օրինակ, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներն արագ արձագանք են գտնում արևմուտքում քաղաքական որոշումների կայացման գործընթացների վրա. ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունում: Կամ, սփյուռքահայերը սոցիալական ցանցերի միջոցով հետևում են Հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին, լավ իրազեկված են և սեփական կարծիքը բարձրաձայնելով կարողանում են ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների կայացման վրա:

Քվանտային ֆիզիկայում գոյություն ունի մեկ այլ տարօրինակ երևույթ. տարրական մասնիկները կարող են գոյություն ունենալ միևնույն ժամանակ երկու, նույնիսկ մի քանի «վիճակներում»: Մարդիկ դիտում են տեսանյութեր իրենց բջջային հեռախոսներով, լրատվամիջոցներով հետևում են քաղաքական գործընթացներին, փողոցում տեղի ունեցող բողոքի ակցիաներին և պատասխանում էլեկտրոնային փոստով ստացված նամակներին՝ միևնույն ժամանակ «բնակվելով» մի քանի աշխարհում:

Քվանտային ֆիզիկայում փորձերը բացահայտում են տարրական մասնիկների ևս մի խորամանկ հատկություն. նրանք «գիտեն», որ մենք դիտում ենք և անմիջապես փոխում են իրենց հետագիծն ու վարքը։ Ավելին, նրանք նաև գիտեն, որ մենք նախատեսում ենք դիտել. մասնիկները կարող են կանխատեսել: Արդյո՞ք սա այն է, ինչ մենք անվանում ենք ինտուիցիա, տելեպատիա կամ ուղղակի ներզգայություն: Այսպիսով, խելացի քաղաքական գործիչների համար միանգամայն բնական է կանխատեսել հասարակության արձագանքը և համապատասխանաբար կարգավորել սեփական պահվածքը:



Արդյո՞ք քվանտային քաղաքականությունը նոր է: Իհարկե ոչ. Քվանտային ֆիզիկան տիեզերքում գոյություն ուներ դեռևս գիտնականների հայտնաբերումից շատ առաջ: Քվանտային քաղաքականությունը, հավանաբար, նույնքան հին է, որքան մարդկությունը, բայց կասկած չկա, որ տեխնոլոգիաները և սոցիալական լրատվամիջոցները անշրջելիորեն փոխել են քաղաքականության կառուցվածքը: Արդեն մասնագետները մաթեմատիկական մոդելներ են կիրառում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների ազդեցությունը գնահատելու համար:

Քաղաքականության վրա ազդող գործոնները բազմազան են ու գնալով դրանք աճում են էքսպոնենցիալ կերպով: Մինչև 2005 թվականը մարդկության արշալույսից ի վեր կուտակվել էր ընդհանուր առմամբ 130 էքսաբայթ (EB) ինֆորմացիա (1EB = 10-ի 18 աստիճան բայթ կամ 1073741824 GB): Այժմ մարդկության կողմից օրական «արտադրվում է» շուրջ 2,5EB ինֆորմացիա ու 2020-ին մենք կունենանք մոտ 41000 EB ինֆորմացիա: Ինչպե՞ս է հնարավոր վերլուծել այսքան շատ տվյալներ: Մարդն հաստատ ի վիճակի չէ: Հարկավոր է ստեղծել նոր ալգորիթմներով արհեստական բանականության նոր տեսակներ, որոնք կարող են իրականացնել այս չափազանց բարդ ու ահռելի մեծ քանակությամբ տվյալների մշակումը: Այս խնդրի լուծումն, ըստ էության, քաղաքականության համար ևս մեկ «քվանտային» ցատկ կարող է դառնալ:


Քաղաքական նորարարության կենտրոնում ստեղծվել է Քվանտային քաղաքականության գիտական խումբ, որում ընդգրկվել են ֆիզիկոսներ, քաղաքագետներ, պատմաբաններ, ծրագրավորողներ և այլ մասնագիտությունների տեր անձիք: Խումբն սկսել է ուսումնասիրել հասարակական-քաղաքական տարբեր երևույթները քվանտային քաղաքականության տեսանկյունից և առաջիկայում հանդես է գալու վերլուծական-հրապարակախոսական նյութերով:


Ատոմ Մխիթարյան, Կարեն Խաչատրյան

Ֆիզիկոսներ,

Political Innovation’s Centre - PIC

picyerevan@gmail.com





Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia