Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 207 000 դրամ. Նիկոլ Փաշինյան
2020թ-ի հուլիսին ՀՀ-ում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 մլրդ 391 մլն ՀՀ դրամ. սա այն գումարն է, որ վճարվել 1 աշխատողներին և, որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ նույն ցուցանիշը 2020թ. հունիսին կազմել է 120 մլրդ 846 մլն դրամ, իսկ 2019թ. հուլիսին՝ 117 մլրդ 627 մլն դրամ:
«Ճշգրտված տվյալներով՝ եթե 2019թ. հուլիսին համախառն աշխատավարձը բաշխվել է 606 հազար 465, իսկ 2020 թվականի հունիսին 609 հազար 302 աշխատատեղերի միջեւ, ապա 2020 թվականի հուլիսին աշխատավարձի հիմնադրամի բաշխմանը մասնակցել է 613 հազար 62 աշխատատեղ»,- գրել է նա:
Վարչապետի հրապարակման համաձայն՝ եթե 2019թ. հուլիսին մեկ աշխատատեղին բաժին հասած միջին աշխատավարձը կազմել է 193 հազար 955 դրամ, 2020 թվականի հունիսին՝ 198 հազար 335 դրամ, 2020 թվականի հուլիսին այդ թիվը կազմել է արդեն 207 հազար 795 դրամ:
Փաշինյանի խոսքով՝ վիճակագրական տվյալները ձևավորվել են բացառապես տնտեսվարողների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա եւ այս թվերը ընկած են տնտեսվարողների հարկային պարտավորությունների հիմքում:
Գործադիրի ղեկավարը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ 2020 թվականի ապրիլից ի վեր կառավարությունն ընդունել է մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց նպատակը աշխատատեղերի պահպանումն է և աշխատավարձերի անկումը կանխելը: Նա վստահ է՝ ներկայացված պաշտոնական թվերն ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը։
Comments