Հայաստանում կանցկացվի Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի համաժողով
Օգոստոսի 22-25-ը առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022), որին մասնակցելու են ավելի քան 1500 պատվիրակներ՝ 54 երկրներից: ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից հայտնում են, որ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը տեղի կունենա օգոստոսի 23-ին ԵՊՀ հանդիսությունների մեծ դահլիճում: Բացման արարողությանը ելույթով հանդես կգան EERA-ի նախագահ Ջո Օ’Հարան, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը, համաժողովի կոորդինատոր և EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանը: Տեղեկացնենք, որ Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է կրթական հետազոտությունների վերաբերյալ համաժողովներ, որոնք անց են կացվում անդամ երկրներից մեկում: 2022 թ. համաժողովի անցկացման վայր ընտրվել է Երևանի պետական համալսարանը, որը 2014 թվականից Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի անդամակցությամբ դարձել է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ (կենտրոնի տնօրեն՝ մ.գ.դ., պրոֆեսոր Նազիկ Հարությունյան)։ Այս տարի ԵՊՀ-ում են կենտրոնացվելու աշխարհի տարբեր երկրների առաջատար հետազոտությունների արդյունքները, որոնք կներկայացվեն և կքննարկվեն ինչպես կրթության ոլորտի աշխարհահռչակ հետազոտողների, այնպես էլ երիտասարդ ու սկսնակ հետազոտողների կողմից: Համաժողովին մասնակցություն են ունենալու հայաստանյան գրեթե բոլոր բուհերը, գիտահետազոտական ինստիտուտներն ու կենտրոնները, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ։ Համաժողովի ընթացքում կազմակերպվելու են ոչ միայն աշխատաժողովներ 40 բաժանմունքներում, այլև պլենար քննարկումներ, միջսերնդային հանդիպումներ, հաղորդակցական ու սոցիալական կապերի հաստատման փակ նախաձեռնություններ: Համաժողովի օրերին տեղական և միջազգային կրթական ու հետազոտական կառույցները ձգտելու են ապահովել բարձր մասնակցություն՝ տեսանելի դարձնելով իրենց կատարած աշխատանքն ու ներուժը: ECER 2022 համաժողովի թեման է՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»: Համաժողովի կազմակերպմանն աջակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը:
Comments