top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանում իժերի թույնի դեմ հակամիջոց են մշակում

ՀՀ ԳԱԱ Լ․Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում մշակում են իժերի թույնի դեմ հակաթույնի արտադրության արդիական մեթոդներ։ Աշխատանքը կատարվում է Առաջատար հետազոտությունների աջակցության մրցութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Նախագծի նպատակն է Հայաստանի համար այդքան անհրաժեշտ հակաթույների, մասնավորապես՝ հակագյուրզինի ստեղծումը, արտադրության հիմնումը, և, հաջողության դեպքում, արտաքին շուկաներ արտահանումը։ Ինչպես պարզաբանեց Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն և նախագծի ղեկավար Նաիրա Այվազյանը, ինստիտուտում երկար տարիներ աշխատում են հակաթույների ստեղծման ուղղությամբ, և արդեն կա շոշափելի արդյունք, որը նախագծի հաջողության հանդեպ հավատ է ներշնչում։ Նրա խոսքով, Հայաստանում, չնայած երկրի փոքր չափերին, 22 տեսակի օձ է բնակվում, որոնցից 4-ը իժերի դասի թունավոր օձեր են։ Երկու էնդեմիկ տեսակները՝ հայկական լեռնատափաստանային իժը (Vipera eriwanensis) և Դարևսկու իժը (Vipera darevskii) փոքրաքանակ են, փոքր չափեր ունեն, խայթելուց քիչ թույն են ներարկում, հետևաբար՝ մեծ վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար։ Հայկական իժը (Montivipera raddei), թեև շատ թունավոր է, տարածվածության շատ սահմանափակ արեալ ունի (գրանցված է Կարմիր գրքում), և մարդու հանդիպելու հավանականությունը բավականին փոքր է։ Բնակչության համար ամենավտանգավոր օձը գյուրզան է, որը տարածված է ողջ Հայաստանում, այդ թվում և քաղաքներում, մասնավորապես՝ Երևանի կիրճերում։ Նաիրա Այվազյանը պատմեց, որ Խորհրդային Միության ժամանակ օձերի հակաթույնի արտադրությունը կենտրոնացված էր Ուզբեկստանում, որտեղ գործում էր ողջ երկրի կարիքները բավարարող մեծ արտադրական կենտրոն։ Ուզբեկական հակաթույնն այսօր էլ հասանելի է Հայաստանում, բայց դրա արդյունավետությունը մեզ համար շատ ցածր է մի քանի պատճառով։ Առաջինը՝ նախկինում սխալմամբ համարում էին, որ Միջին Ասիայում և Հարավային Կովկասում բնակվող գյուրզայի ենթատեսակները նույնանման թույնով են օժտված։ Եվ միայն 2008 թվականին, հայ և իսպանացի գիտնականների համատեղ ուսումնասիրության շնորհիվ, պարզվեց, որ Հայաստանում տարածված Macrovipera lebetina obtusa և Ոզբեկստանում բնակվող Macrovipera lebetina turanica ենթատեսակների թույների համադրելիությունն ընդամենը 4 տոկոս է։ Երկրորդ՝ դեղագործական ընկերություններն Ոզբեկստանից Հայաստան են ներկրում բազմավալենտ հակաթույն, որը պարունակում է հակամարմիններ երեք օձի թույնի դեմ՝ գյուրզայի, էֆայի և կոբրայի։ Հայաստանում էֆա և կոբրա չկա, իսկ բազմավալենտ հակաթույնի բաղադրության մեջ գյուրզայի հակաթույնի քանակը, համապատասխանաբար, ավելի քիչ է, քան պահանջվում է։ Փաստացի, Հայաստանի բնակչության համար դա քիչ արդյունավետ, բայց իմունոլոգիապես ծանր տանելի պրոդուկտ է, որը կարող է լուրջ կողմնակի ազդեցություններ առաջացնել՝ շիճուկային հիվանդություն (serum sickness) և անգամ՝ անաֆիլակտիկ շոկ։ Մինչև վերջին ժամանակները Հայաստանում հասանելի էր նաև եվրոպական քթավոր իժի (Vipera ammodytes) թույնի դեմ խորվաթական արտադրության հակաթույնը։ «Տվյալ հակաթույնը զարմանալիորեն բավական արդյունավետ էր, որովհետև բարձրորակ, մաքուր պրոդուկտ էր։ Կարելի է ասել, որ թեև մեր գյուրզայի խայթոցի դեմ այն տաս անգամ ավելի թույլ էր ազդում, քան եվրոպական իժի խայթոցի դեմ, այնուամենայնիվ, մարդը դրանից չէր վատանում, և այդ տաս անգամ պակաս ազդեցությունն էլի ինչ որ չափով օգնում էր», - պատմեց Նաիրա Այվազյանը։ Սակայն 2014 թվականին Զագրեբի իմունոլոգիական ինստիտուտը փակեց այդ հակաթույնի արտադրությունը։ Հաշվի առնելով այս բոլոր փաստերը, Հայաստանում օձի հակաթույնի սեփական արտադրության հարցը առավել քան արդիական է։ Նաիրա Այվազյանի խոսքով, օձի թույնի և հակաթույնի հանդեպ հետաքրությունն այսօր աճել է ողջ աշխարհում, քանի որ 2019 թվականին ԱՀԿ-ն ընդունել է ռազմավարություն, համաձայն որի մինչև 2030թ. աշխարհում օձի խայթոցի մահացու դեպքերը պետք է 50 տոկոսով կրճատվեն, ինչի համար հատկացվելու է 136.76մլն ամերիկյան դոլլար։ «Հակաթույնի արտադրությունն ամեն երկրի բան չէ, հետևաբար այդ հազվագյուտ երկրների ցուցակի մեջ մտնելը բավականին պատվաբեր է։ Մեր հարևաններից միայն Իրանն ունի հակաթույնի արտադրություն, բայց նախ այն պոլիվալենտ է, երկրորդը՝ ներքին օգտագործման պրոդուկտ է, չի արտահանվում», - ասաց նա։ Ի՞նչն է հակաթույնի արտադրության տեխնոլոգիական բարդությունը։ Այդ արտադրության համար անհրաժեշտ են 3 կառույց՝ օձերի և թույնի անսպառ աղբյուր (սերպենտարիում), իմունիզացվող կենդանիների աղբյուր (ագարակ), և լավ սարքավորված բիոքիմիական լաբորատորիա։ Ինչպես պարզաբանեց Նաիրա Այվազյանը, որպես իմունիզացվող կենդանիներ հակամամիններ ստանալու համար ամենից հաճախ օգտագործվում են ձիերն ու խոյերը։ Ֆիզիոլոգիայի ինստիտուտում հակագյուրզինի առաջին նախատիպը ստացել են խոյի միջոցով, այն հաջողությամբ փորձարկվել է, և իր արդյունավետությամբ և ակտիվությամբ չի զիջում նմանատիպ դեղամիջոցներին։ Փորձարկման արդյունքներով հոդվածը հրապարակվել է հեղինակավոր օքսֆորդյան հանդեսում (Journal of Venom Research, 2021, Vol 11, 7-15։ «Իրականում հենց միայն գյուրզայի դեմ հակաթույն պրակտիկորեն չկա, այդ առումով մեր մշակումը բավականին յուրահատուկ է: Գյուրզայի մեր ենթատեսակը տարածում ունի Թունիսից մինչև Հնդկաստան, հետևաբար՝ այդ հակաթույնը բավականին պահանջված է», - նշեց Նաիրա Այվազյանը։ Ներկա պահին Ֆիզիոլոգիայի ինստիտուտում արդեն գործում են սերպենտարիումն ու բիոքիմիական լաբորատորիան, և ձիարշավարանի հետ կա նախնական պայմանավորվածություն Ինստիտուտի ձիերին պահելու հարցով։ Եթե նախագիծը հաջողվի, ապա հակագյուրզինից բացի հնարավոր կլինի և այլ հակաթույներ արտադրել և դրանք առաքել հարևան և մերձավորարևելյան երկրներ։ Հնարավոր կլինի նաև կազմակերպել օձի թույնից ստացվող դեղամիջոցների շարքի զուգահեռ արտադրություն, օրինակ՝ ռևմատիզմի կամ տրոֆիկական վերքերի դեմ քսուքների, հեմոֆիլիայի բուժման դեղամիջոցների և այլն։ Ինստիտուտի տնօրենի խոսքով, դեղագիտության այս ուղղությունն այսօր բավականին հեռանկարային է։ «Առաջիկա 5 տարում հավակնում ենք ունենալ նախատիպ, կունենանք գրանցված պրոդուկտ, սակայն բուն արտադրությունը, որը պահանջում է յուրահատուկ GLP ստանդարտներ, կփորձենք որևիցե դեղագործական ընկերության փոխանցել։ Իսկ եթե մենք ունենանք մասնավոր ներդրողներ և կարողանանք համապատասխան ստանդարտներ ապահովել, ապա տարածքն ունենք, կկարողանանք և ինքներս արտադրել», - ասաց նա։

0 comments

Comments


bottom of page