Search

Հայաստանում է Լիտվայից ժամանած բժիշկների թիմը


Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել են ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, փոխդեսպան Նիդա Դալմանտայտեի, Լիտվայի առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսի և ռազմական բժիշկ Վալդաս Մեշկաուսկասի հետ: Կողմերը քննարկել են Լիտվայից Հայաստան ժամանած մասնագետների հետ համատեղ աշխատանքները: Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ սա իրենց առաջին նմանատիպ համագործակցությունն է և հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ է կրելու: «Այս ամենի միակ նպատակը հայաստանյան գործընկերներին աջակցելն է և նման առաքելության իրագործումը բարդ խնդիր է՝ ինչպես ուղարկող, այնպես էլ ստացող կողմի համար», - նշել է դեսպանը: Լիտվայից ժամանած պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսը ներկայացրել է իրենց երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը, 2020 թվականի հունվարից ձեռնարկված նախապատրաստական աշխատանքները և վարակի դեմ պայքարում տարվող 7 հիմնական քայլը: Մասնագետների խոսքով` դրական արդյունք է գրանցվել կառավարության, զանգվածային լրատվամիջոցների ու առողջապահական համակարգի սերտ գործակցության շնորհիվ: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում առկա իրավիճակը, կորոնավիրուսային հիվանդության բուժման կազմակերպման առանձնահատկությունները և մոտեցումները: Նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին տրամադրված բժշկական պաշտպանիչ պարագաների և սարքավորումների համար, հավելելով, որ Լիտվայից ժամանած բժիշկների թիմն իր 14-օրյա առաքելությունն իրականացնելու է կորոնավիրուսային հիվանդության բուժման համար վերապրոֆիլավորված «Սուրբ Աստվածամայր» և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոններում:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia