top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանին փոխանցված 13 մարմինների նույնականացման գործընթացը սկսվել է


Ադրբեջանի կողմից նոյեմբերի 28–ին հայկական կողմին փոխանցված 13 մարմինների նույնականացման գործընթացը սկսվել է։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։ Նշենք, որ մարմիններն անճանաչելի են։ Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 156 մարմին։ Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին։ Հիշեցնենք, որ 2022թ.–ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։ Հոկտեմբերի 4–ին Ադրբեջանը վերադարձրել է 17 հայ ռազմագերիի։ Նոյեմբերի 29–ի դրությամբ, Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 156 մարմին։ Սեպտեմբերի 30–ին լրագրողների հետ զրույցում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը հայտնել էր, որ Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զոհերի մարմիններ կան, և դեռ չեն կարողանում դուրս բերել դրանք։

0 comments

Comments


bottom of page