Հայաստանը հետևանք է ղարաբաղյան շարժման. Մեր պետության գոյության իմաստը Արցախը հայկական պահելն է
Այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում եւ այն անվտանգային մարտահրավերները, որոնք հիմա ունենք, հետեւանք է քաղաքական անբարոյականության, որովհետեւ երբ կյանքը առնում է անբարոյական, այսպիսի հետեւանքներն անխուսափելի են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:
«Հայաստանը հետեւանք է ղարաբաղյան շարժման եւ այն նպատակները, այն առաքելությունը, որ դրել ենք Հայաստանի Հանրապետության հիմքում, արձանագրված են Անկախության հռչակագրում: ՀՀ-ն ստեղծվել է «պայքար, պայքար մինչեւ վերջ» եւ «միացում» կարգախոսների ներքո: Այսինքն պայքար այնքան, մինչեւ Արցախը կմնա հայկական, եւ ի վերջո, կվերամիավորվի մայր հայրենիքի հետ: Ընտրվեց մարտավարություն անկախություն, որից հետո անկախության հռչակագրում նշված նպատակի իրականացում:
Բայց ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության գալուց հետո իշխանության ամենաբարձր մակարդակով հնչել է տեսակետ, որ Ղարաբաղը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, հնչել է տեսակետ, որ Ղարաբաղը բեռ է, որից պետք է ազատվել լավ ապրելու համար: Սա կոչվում է քաղաքական անբարոյականություն: Ու երբ քաղաքական անբարոյականությանը իրավաքաղաքական գնահատական չի տրվում, քաղաքական անբարյական միջավայրում ստեղծված բացիլները կամ դրա արտադրական թափոնը հետագայում գալիս է իշխանության, ինչպես դա եղավ 2018-ին եւ երկիրը տանում է այսպիսի փորձությունների, եւ այսպիսի հետեւանքների»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը: Նա ընդգծեց, որ ցանկացած կազմակերպություն, նախւառաջ պետությունը, ունի առաքելություն եւ նպատակ. «Դա ամրագրված է մեր Անկախության հռչակագրում: Երբ այսօր մենք իշխող ուժից լսում ենք տեսակետ, որ Արցախի անկախության ճանաչման շանս չի եղել ու չկա, սա խայտառակագույն քաղաքական անբարոյականություն է: Սա նշանակում է, որ իշխող ուժը թքում է հայ ժողովրդի, ՀՀ-ի ու Արցախի վրա, նշանակում է, որ 1988-ի ամբողջ շարժումը բլեֆ է եղել, մեր զոհերը հանուն ոչնչի են եղել, որ մեր պետությունը պետք է գոյություն չունենա: Ու եթե դրան պատասխան չի տրվում, մենք բոլորս դառնում ենք քաղաքական անբարոյականության զոհեր, ու անբարոյական քաղաքական գործիչները մեր պետությունը տանում են կործանման: Մեր պետության գոյության իմաստը եւ առաքելությունը Արցախը հայկական պահելն է, ու անկախության հռչակագրին տեր կանգնելը: Այսօրվա իշխանությունը պնդում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում հանուն, այսպես կոչված, խաղաղության: Դա նշանակում է, որ Հայաստանին ուզում են զրկել գոյաբանական իմաստից, Հայաստանն առանց Արցախի զրկվում է իր իմաստից, իր առաքելությունից, ընդհանրապես վերանում է նրա տարածաշրջանային նշանակությունը: Հետեւաբար, Արցախի հայկականությունը պահելը նշանակում է տեր կանգնել մեր անկախության հռչակագրին եւ քաղաքական կյանքը դարձնել բարոյական»,-հայտարարեց նա:
Comments