top of page
Search

Համոզված ենք՝ ռուսական խաղաղապահ զորակազմը կկիրառի բոլոր գործիքակազմերը. Արցախի նախագահ


Ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ կեղծ ու մտացածին պատճառաբանություններով: Այս մասին ֆեյսբուքյան ի էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Նախ, մեզ համար խիստ անընդունելի է Ադրբեջանի այդ ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը և հարվածի տակ դնում մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սա աննախադեպ մարտահրավեր է մեր պետության ու ժողովրդի համար, և կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել, քանի որ Ադրբեջանի իշխանությունների նպատակներից մեկն էլ Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է: Արցախի իշխանություններն ու ժողովուրդն ունեն հստակ արժեքներ, սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց պաշտպանության ուղղությամբ գործադրում ենք և կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը՝ երբեմն ոչ տեսանելի: Համոզված ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես մեր ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ կանխելու նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները՝ ուղղված մեր ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ: Կարևոր անելիքներ ունեն նաև միջազգային հանրության այլ դերակատարները, քանի որ ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, և Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման: Արցախը եղել է և կլինի հայկական՝ մեր միասնական ու վճռական ջանքերի միջոցով՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների»,- գրել է Հարությունյանը:

0 comments

Comments


bottom of page