top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Համերգ` նվիրված Օհան Դուրյանի 100 ամյակին


Կամերային երաժշտության ազգային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված հուշ-երեկոն։

Միջոցառումը կազմակերպվել էր «Կոմիտաս» միջազգային փառատոնի շրջանակներում «Հայ փոքրիկ երգիչներ» ընկերակցության կողմից՝ ԿԳՄՍ նախարարության մասնակի աջակցությամբ։

Բեմում էին Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը, ում և Օհան Դուրյանի միջև սերտ շփում և հարազատության երկստեք զգացում կար ականավոր դիրիժորի կյանքի օրոք, իսկ հեռանալուց հետո նույնը պահպանվեց մաեստրոյի սիրելի տիկնոջ՝ Ալիս Դուրյանի հետ։

Տիկին Ալիսի խնդրանքով և պնդմամբ էր նաև, որ երեկոյին սիրով իրենց մասնակցությունը բերեցին Տիգրան Հեքեքյանի երեխաները, ում ջերմ բարեկամությունը մաեստրո Դուրյանի հետ սկսվել է նրանց ծննդյան պահից՝ թավջութակահար Նարեկ Հեքեքյանը, հոբոյահար Հայկ Հեքեքյանը, դաշնակահար Աննա Հեքեքյանը։

«Վարպետի ջերմ ու թրթիռով վերաբերմունքն՝ առհասարակ երեխաների, փոքրերի, նկատմամբ հայտնի փաստ է», - պատմեց Տիգրան Հեքեքյանը, նաև հավելեց, որ կրտսեր Հեքեքյանների համար մեծ պատասխանատվություն է և նվիրական պահ՝ հուշ-երեկոյի ընթացքում հայ մեծանուն արտիստի և իրենց «մեծ պապիկի» հիշատակին երաժշտական կատարում նվիրելու հնարավորությունը։


Համերգի ընթացքում խոսքով հանդես եկան Օհան Դուրյանի երկրպագու և բարեկամ Վահան Վարդապետյանը, Դանիել Երաժիշտը։ Խոսեցին Վարպետի կյանքի դրվագներից, նրա և Տիգրան Հեքեքյանի բարեկամության մասին, Օհան Դուրյանի հիացմունքի մասին, որ միշտ ապրում էր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ելույթներն ունկնդրելիս։


Ունկնդիրը ողջ համերգի ընթացքում սիրով վայելեց երգչախմբի և մենակատարների յուրաքանչյուր կատարում։ Առանձնահատուկ ոգևորությամբ ընդունվեց նաև արգենտինացի կոմպոզիտոր Մ. Պալմերիի՝ հատուկ «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի 30-ամյա հոբելյանի առիթով գրած «Միսսա տանգո Արմենիա» ստեղծագործությունը՝ երգչախմբի, դաշնամուրի և բանդոնեոնի համար։ Բանդոնեոնի նվագամասը այս միջոցառման համար սիրով մեկ շաբաթում սովորեց և հիանալի կերպով կատարեց ակորդեոնահար Գագիկ Դանիելյանը։

Գեղեցիկ երեկո ստացվեց։ ԵՒ այս հուշ-համերգը ոչ միայն բարձրակարգ երաժշտության և անմնացորդ աշխատանքի մասին հաշվետվություն էր, ինչպիսին հանդիսանում է Տիգրան Հեքեքյանի երգչախմբի յուրաքանչյուր ելույթ, այլ նախ սիրո մասին էր՝ Օհան Դուրյանի անձի և արվեստի, նրա հիշատակի հանդեպ տածած սիրո։ Նվիրման, խոնարհումի երեկո, երգ-պատում՝ մեծ երաժշտի և մարդու մասին։

0 comments

Comments


bottom of page