Search

Համաշխարհային խաղաղասիրության երթ՝ հայ երիտասարդների մասնակցությամբ

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում երիտասարդները խաղաղասիրության կոչ են հղել աշխարհին՝ մասնակցելով հարավկորեական «HWPL» կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախաձեռնած միջոցառմանը։

Շուրջ 25 հայ երիտասարդներ մասնակցել են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում «HWPL» («Երկնային մշակույթ, համաշխարհային խաղաղություն, լույսի վերականգնում») հարավկորեական կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախաձեռնած միջոցառմանը, որը նվիրված էր կազմակերպության կողմից 6 տարի առաջ՝ 2013 թ.-ի մայիսի 25-ին, ընդունված «Համաշխարհային խաղաղության եւ խաղաղասիրական քայլի» հռչակագրի 6-ամյակին։ Այս տարվա միջոցառման խորագիրն էր «Թույլ տանք, որ յուրաքանչյուր անհատ դառնա համաշխարհային խաղաղության սուրհանդակ»։

Հայ-ռուսական համալսարանում կազմակերպված միջոցառման մասնակիցներն իրենց կոչն են հղել ամբողջ աշխարհին՝ դառնալով «Խաղաղության նամակ» արշավի ներկայացուցիչներ։ Հայ երիտասարդներն իրենց նամակներում կոչ են արել մարդկությանը մեծ ուշադրություն դարձնել խաղաղությանը եւ վերջ տալ ամեն տեսակ պատերազմներին։ Ի դեպ, այսօրինակ միջոցառում անցկացվել է ոչ միայն Հայաստանում, մասնավորապես մայրաքաղաք Երեւանում։

Հռչակագրի 6-ամյակին նվիրված միջոցառումներին իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաեւ աշխարհի ավելի քան 77 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում եւ Ֆիլիպիններում։ Ուշագրավ է, որ ընդհանուր առմամբ այս տարվա միջոցառումներն ընդգրկել են ավելի քան 170 տեղանք։

Հատկանշական է, որ «Երկնային մշակույթ, համաշխարհային խաղաղություն, լույսի վերականգնում» հարավկորեական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության անդամները վերջին շրջանում բավականին ակտիվ կերպով իրենց շուրջն են հավաքել մի շարք երիտասարդների, ովքեր հանդես են գալիս մեկ նպատակի շուրջ՝ հաստատել խաղաղություն աշխարհում եւ դեմ հանդես գալ պատերազմներին։ Միջազգային ճանաչում ստացած վերոնշյալ կազմակերպության անդամները վերջին ամիսներին Հայաստանում հանդիպել են բազմաթիվ երիտասարդական կառույցների հետ՝ փորձելով համագործակցության եզրեր գտնել հետագա համատեղ միջոցառումների կազմակերպման համար:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia