Search

Հաղորդակցության ճգնաժամ. ատելությունը մեդիայում


Վերջին տարիներին մտահոգիչ և վտանգավոր չափերի է հասել ատելության խոսքը, նկատելիորեն աճել է այլակարծության հանդեպ անհանդուրժողականությունը, ինչի դրսևորումներին ամեն օր ականատես ենք լինում ԶԼՄ-ներում և սոցիալական մեդիայում։ Արդյունքում խեղաթյուրվել են համամարդկային և ազգային դիմագիծն ու արժեհամակարգը։ Սոցիալական մեդիայի համաշխարհային օրվան նվիրված

Հայկական Փի Ար ասոցիացիան հրավիրել էր լրատվական դաշտի ներկայացուցիչներին, PR մասնագետներին և հանրային դեմքերին մասնակցելու «Հաղորդակցության ճգնաժամ. ատելությունը մեդիայում թեմայով» առցանց հանդիպում-քննարկմանը: Թեմայի շուրջ ելույթ ունեցան Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, «Արմնյուզ» ՀԸ լրատվական դեպարտամենտի տնօրեն Աբրահամ Գասպարյանը և մի շարք այլ Հանրային դեմքեր: Աստղիկ Ավետիսյանը իր ելույթում նշեց, որ ատելությունը հասնում է ահռելի չափերի և դառնում է վտանգավոր հասարակության համար: «Սոցիալական մեդիայի համաշխարհային օրը, մենք քննարկում ենք ոչ թե սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները, որպես հաղորդակցության կարևոր գործիք, այլև մի իրավիճակ, որտեղ ատելությունը հասնում է ահռելի չափերի և դառնում վտանգավոր հասարակության համար: Անկախ քաղաքական հայացքներից և մոտեցումներից՝ առցանց մամուլում և սոցիալական մեդիայում ատելությունը, գռեհիկաբանությունն ու հայհոյաբանությունը չպետք է դառնան սովորական երևույթ»,- ասաց բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

Ըստ նրա, սոցիալական ցանցերը փոխեցին մեր կյանքը. «Սոցիալական մեդիան դարձավ մեր կյանքի անբաժան մասը և այն սկսեցին օգտագործել մարդիկ, օգտատերեր, ովքեր գրում էին ամեն ինչի մասին, մեկնաբանում էին այնպիսի թեմաներ, որոնց մասին գաղափար չունեին, այդ դեպքում տեղեկատվության ընկալումը դարձավ երկրորդային, մեկնաբանությունները շուտով սկսեցին հայտնվել լրատվական կայքերում, և օրեցօր ավելի են շատանում վիրավորական և ոչ կոռեկտ մեկնաբանությունները»,- նկատեց Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահը:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով` պարզապես ոչ էսթետիկ արտահայտությունները ատելության խոսք չեն, բայց դրանք շատացել են: «Շնաբարո դուրսպրծուկներն ատելության խոսք չէ: Դա հակասում է դաստիարակության, էսթետիկայի, մշակույթի մասին՝ իմ պատկերացումներին, բայց դա ատելության խոսք չէ: Դա քաղաքականություն է: Իսկ քաղաքականությունը կորոնավիրուսի պես մի բան է: Լրագրողը պետք է սոցիալական հեռավորություն պահի քաղաքականությունից, որ չվարակվի»,- իր ելույթում մեկնաբանեց Արամ Աբրահամյանը :

Նա ատելության վերաբերյալ ունի իր դիտարկումները. «Եթե խոսում ենք ատելության մասին, ապա այո, ատելությունը կա, եղել է, կլինի: 25 դարի ընթացքում հրապարակային խոսքի մեջ եղել է և կլինի, և չեմ կարծում, որ ատելությունը շատացել է, այլ պարզապես բացահայտվել է ֆեյսբուքի միջոցով, քանի որ այն ատելությունը, որ կար 1970-1980 ականներին խոհանոցում, այդ ատելությունը հիմա ավելի բացահայտ է արտահայտվում, ավելի անպատասխանատու, քանի որ մարդիկ, նստելով համակարգչի առաջ, ավելի քիչ պատասխանատվություն են կրում իրենց խոսքի համար: Ատելության խոսքը սպեցիֆիկ իրավական մի տերմին է, որն ունի սահմանումներ, բայց որը կիրառվում է ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, սեռական փոքրամասնությունների հանդեպ, դա մի բան է, որը ՀՀ-ում եթե կա, ապա շատ քիչ է և ունի մարգինալ դրսևորումներով»:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի բնորոշմամբ` ոչ թե հաղորդակցության, այլ բովանդակության, ասելիքի ճգնաժամ է: «Երբ ասելիք չկա, այո, գալիս են հայհոյանքը, գռեհիկ խոսքերը և վերջույթները»,- իր ելույթում նշեց Սեյրանյանը:

Ըստ նրա, ատելության խոսքը հատկապես սրվել է հեղափոխական իրադարձություններից հետո. «Շնաբարո դուրսպրծուկ, ասֆալտին պառկեցնելը չեմ կարծում, որ վիրավորանք և բռնություն չեն պարունակում: Իհարկե, նախկինում էլ է եղել, բայց այն սրվել է հեղափոխական իրադարձություններից հետո»:



Հանդիպման վերջում Հայկական Փի Ար ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ.

Հայտարարություն


Պետության բնականոն զարգացման կարևորագույն հիմնասյուներից է համախմբումն ազգային և հանրային մակարդակներում, անհատ-քաղաքացիների ներդաշնակ համագոյակցությունը՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա

Պետք է արձանագրենք, որ այսօր վտանգավոր չափերի է հասնում ատելության խոսքն ու այլակարծության հանդեպ անհանդուրժողականությունը Հատկապես վերջին տարիներին էական փոխակերպումների է ենթարկվել հանրույթի արժեհամակարգը, խեղաթյուրվել է համամարդկային և ազգային դիմագիծը, վիրավորանքը դարձել է հաղորդակցման ամենահաճախ հանդիպող միջոցներից մեկը

Ստեղծված իրավիճակում մարտնչող տգիտության առջև ստիպված լռում են մասնագետներն ու փորձառուները՝ անձնական վիրավորանքներից, հերյուրանքներից և անթաքույց ատելությունից խուսափելու համար Հանրային առողջ մթնոլորտի ձևավորման հարցում մեծ դերակատարություն ունեն զանգվածային լրատվամիջոցները՝ անկախ իրենց տեսակից, ինչպես նաև հաղորդակցության մասնագետներն ու հանրային կարծիք ձևավորող անհատները

Գիտակցելով հանրային համախմբման, առողջ քննադատության, ազատ խոսքի արժեքը, միաժամանակ ստանձնելով հանրային միջավայրի առողջացման, քաղաքացիների կրթման և դաստիարակման պատասխանատվությունը, նպատակ ենք հետապնդում լուսանցքում թողնելու բոլոր այն հակահասարակական ուղերձներն ու խոսքը, որոնք պառակտում են մեր պետական, ազգային, հանրային ներդաշնակ համագոյակցությունը

Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում ենք լրատվամիջոցների կայքերի և սոցիալական հարթակներում ԶԼՄ էջերի մեկնաբանությունները դարձնել վերահսկելի, հեռացնել յուրաքանչյուր վիրավորական խոսք, հայհոյանք, ոչ պատշաճ արտահայտություն, անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական հայացքներ կամ նախապատվություններ ունենք Ատելության խոսքը, վիրավորանքը, հայհոյանքն ու անպարկեշտ վերաբերմունքը չպետք է լինեն սովորական երևույթ և ամրապնդվեն հանրային ենթագիտակցության մեջ։ Մասնավորապես, սոցիալական մեդիայի գրագետ կառավարման

շնորհիվ ապագայում մենք կկարողանանք ակնկալել հանրային վարքագծի, մտածելակերպի և արժեհամակարգի դրական փոփոխություն ինչպես անհատական, այնպես էլ՝ հավաքական հարթությունում։ Միայն միացյալ ուժերով հնարավոր կլինի հասնել նպատակին, այն է՝ ձևավորել կիրթ, բարոյական, այլակարծության և քննադատական առողջ խոսքի հանդեպ քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորող անհատ և հասարակություն։


Մանրամասները` տեսանյութում:



Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia