Search

Կրթական համակարգը կարող է զարգանալ միայն այն պարագայում, եթե որևէ քաղաքական ազդեցության չենթարկվի


Այսօր կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի մեջ ընգրկված էր «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։


Այն խիստ քննադատության արժանացավ մասնագիտական հանրության, դասախոսների կողմից։

«Նախագիծը սկսվել էր քննարկվել շատ վաղուց։ Սկզբից այն բարձրագույն կրթության մասին էր, այնուհետև ավելացրեցին գիտության մասին, քանի որ հիմա մենք ունենք երկու օրենք, որոնք միավորվում են մեկ օրենքի նախագծում։ Դա «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին», Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին և Գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքներն են։ Մեկ շեշտադրում արդեն արվել է. դա այն է, որ եթե նախագիծն անցնի, այն հնարավորություն է տալիս ռեկտորներին մինչև 5 տարի ժամանակով նշանակի նախարարությունը, որն անթույլատրելի է և խախտում է բուհերի ինքնավարության սկզբունքները»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Մխիթարյանը նաև նշեց, որ բացի դրանից, նախագծում այլ խութեր ևս կան. «Օրենքի մշակման ընթացքում բազմաթիվ գիտնականներ, մտավորականներ իրենց առաջարկություններն են տվել, բայց դրանցից որևէ մեկը հաշվի չի առնվել։ Մասնավորապես, ԳԱԱ-ն զրկվում է օրենքով ստեղծված կազմակերպության կարգավիճակից։ Դեռ այս օրենքը ոչ մի բան չի ասում, թե ԳԱԱ-ն ինչ է դառնում։ Մյուս թերությունն այն է, որ ոչ մի գիտական կազմակերպություն հնարավորություն չի ունենալու ընդունելու ասպիրանտներ։ Դրանց հնարավորությունը տրված է միայն բուհերին, երբեմն համագործակցությամբ՝ գիտական կազմակերպությունների հետ։ Եթե այս օրենքն ընդունվի, ապա ակադեմիայի որևէ գիտական կազմակերպություն ինքնուրույն չի կարողանալու ասպիրանտ ունենալ, որը շատ վատ է։ Մյուս բանը, որ անընդհատ խոսվում էր, դա գիտական երկրորդ աստիճանի վերացումն է ըստ էության։ Հիմա մենք ունենք երկու գիտական աստիճան՝ գիտությունների թեկնածու և գիտությունների դոկտոր։ Այս օրենքի նախագծով նախատեսվում է ունենալ ընդամենը մեկ գիտական աստիճան, որը համապատասխանում է այսօրվա գիտությունների թեկնածուի աստիճանին։ Հազար անգամ ասվել է, որ այդ ուղիով գնացել է Վրաստանը և նրանց գիտնականները մինչև օրս դժգոհում են, քանի որ վերացվում է մոտիվացիան, իսկ մերոնք ուղղակի մի հարվածով հրատապ ձևով մտցրեցին կառավարության օրակարգ և անցկացրեցին այդ օրենքի նախագիծը»։

Նրա խոսքով՝ կան էլի թերություններ, որոնց մասին պետք է խոսեն հաջորդ փուլում, երբ այն մտնի ԱԺ. «Այն օրենք դառնալու համար պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից, իսկ այնտեղ հաստատ կլինեն խելացի մարդիկ, որոնք այդ փոփոխությունները կառաջարկեն կամ ուղղակի այդ տեսքով օրենքը չի ընդունվի»։

Անդրադառնալով նախագծով բուհերի ռեկտորների ընտրությանը, Ատոմ Մխիթարյանը նշեց, որ առաջարկվում է յուրաքանչյուր բուհում 12 հոգանոց հոգաբարձուների խորհուրդ ձևավորել. «12-ից ուղիղ կեսը պետք է լինեն բուհի ներկայացուցիչներ, իսկ մյուս կեսը դրսից։ Բայց մինչև այդ հոգաբարձուների խորհուրդը ձևավորվի, նոր ռեկտորի ընտրություն կատարվի, մինչև 5 տարի ժամկետով օրենքը թույլ է տալիս լիազոր մարմին՝ գործող ԿԳՄՍ նախարարությանը, ցանկացած բուհում նշանակել իր ուզած մարդուն։ Այսինքն բացահայտ ձևով խախտվում է բուհերի ինքնավարության սկզբունքը և նրանք անցնոմ են նախարարության հսկողության տակ։ Եվ ստացվում է, որ եթե նախարարությունը նշանակում է բուհի ռեկտոր, այդ ռեկտորը պետք է ենթարկվի իր նշանակողին և բուհերը լրիվ կորցնում են իրենց ինքնուրույնությունը, քանի որ կախված են մեկ հոգուց և այդ մեկ հոգին ռեկտորն է, որն էլ իր հերթին կախված է նախարարից։ Ստացվում է, որ ով եկավ իշխանության, նա էլ կնշանակի ռեկտորին և դրանով հարցը կվերջանա։ Իսկ դուք գիտեք, որ հիմա բազմաթիվ բուհեր կիսատ-պռատ են գործում, քանի որ ռեկտորներ չունեն, ժամանակավոր պաշտոնակատարներ են»։

Դիտարկմանը, թե հենց այս իշխանությունը չէր, որ հայտարարում էր, որ բուհերը պետք է ապաքաղաքականացված լինեն, Մխիթարյանը նկատեց. «Մինչև իշխանության փոփոխությունը՝ 2017-2018 թվականների սկզբներին կրկին մեկ օրենքի նախագիծ էր ներկայացված և ԱԺ-ում կայացան լսումներ, որին մասնակցում էի և ես, և մեկ շաբաթ առաջվա Կրթության նախարարը, բազմաթիվ մարդիկ, որոնք այդ ոլորտում ինչ-որ մի ձև ընդգրկված էին կամ կային և այնտեղ բարձրաձայնվեց այդ հարցը, որ չի կարելի, որպեսզի բուհերը քաղաքականացվեն, այսինքն, նա ով իշխանություն ունի, չպետք է տիրի բուհերին, կրթական համակարգին և ակնհայտ է, որ կրթական համակարգը կարող է զարգանալ, միայն այն պարագայում, եթե որևէ քաղաքական ազդեցության չի ենթարկվում և ինքնուրույն է որոշումներ կայացնում՝ չկախված օրվա իշխանություններից։ Բայց ստացվեց, որ իշխանությունը փոխվեց և 180 աստիճան այլ գործողություններ են հիմա կատարվում»։

Նա նաև նշեց, որ հենց այս նախագծով է կրճատվել հոգաբարձուների անդամների թիվը՝ դարձնելով 12։

Բորիս Ջոնսոնը ցանկանում է նոր առևտրային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

Գիտական բացառիկ լավ լուր. Արմեն Մուրադյան

Մակունցն ամերիկյան ազդեցության գործակալ էր. Աշոտյան

33 անհետ կորած երեխա է հայտնաբերվել թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ գործողության ընթացքում

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

ՄԻՊ-ը հայատյացության փաստեր է ներկայացրել

Բավականին ուշագրավ նուանսներ կան այստեղ, որոնք պետք է մանրազնին վերլուծվեն. Ռազմագետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: