top of page
Search

Կվերանորոգվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքը. ԿԳՄՍՆ



Կառավարության որոշմամբ գումար է հատկացվել «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքի վերանորոգման համար:ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 2023 թ. կնշվեն Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը և մեծանուն կոմպոզիտորի անունը կրող համերգասրահի հիմնադրման 70-ամյակը: Այդ կապակցությամբ արտերկրում և Հայաստանում կանցկացվեն բազմաթիվ համերգներ, ցուցահանդեսներ և այլ նշանակալի միջոցառումներ, որոնց մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու անվանի երաժիշտ-կատարողներ, դիրիժորներ, արվեստագետներ, երաժշտական խմբեր:Կարևորելով առաջիկա հոբելյանները հավուր պատշաճի նշելու անհրաժեշտությունը՝ գործադիրը ԿԳՄՍՆ 2022 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից 225 մլն դրամ գումար է հատկացրել համերգասրահի բազկաթոռների ընթացիկ վերանորոգման նպատակով, որը թույլ կտա ապահովելու հանդիսատեսի հարմարավետությունը և համերգասրահի գեղագիտական տեսքը:Մեծանուն կոմպոզիտորի անունը կրող համերգասրահը, որի շենքը համարվում է նաև պատմամշակութային հուշարձան, իր գոյության 70 տարիների ընթացքում վերանորոգվել է ընդամենը 2 անգամ՝ 1981-83 թթ.-ին շենքը լիովին վերակառուցվել և նորացվել է, բեմը վերազինվել է ժամանակակից հարմարանքներով, տեղադրվել են 1400 նոր բազկաթոռներ,  իսկ 2003 թվականին «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ շենքը, ճեմասրահն ու բեմը կրկին վերանորոգվել են, սակայն բազկաթոռները չեն փոխվել:Համերգասրահի բազկաթոռներն այժմ գտնվում են անմխիթար վիճակում. վնասված են գրեթե բոլոր նստատեղերի ծալվող մեխանիզմները, ինչը լրացուցիչ աղմուկի պատճառ է դառնում և համերգների ընթացքում բավական մեծ անհարմարություն ստեղծում: Հատկացված միջոցներով խնդիրը կկարգավորվի:Նշենք նաև, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարերար Լուիզ-Սիմոն Մանուկյանի դուստրը՝ Ալիս Մանուկյանը, հանդիպումների ընթացքում բազմիցս շեշտել է, որ պետական համանման աջակցության առկայության դեպքում իր ղեկավարած հիմնադրամը նպատակադրված է մեծացնելու կառույցին հատկացվող աջակցության ծավալները:Հավելենք, որ համերգասրահի բազկաթոռների վերանորոգումը պետք է կատարվի աստիճանական փոխարինումով, որպեսզի չխաթարվի դահլիճի բնականոն գործունեությունը:

0 comments

Comments


bottom of page