Search

Կնասպանության դեպք. իրավապաշտպաններն ահազանգում են


Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Մարիամ Ասատրյանի սպանության դեպքը. իրավապաշտպաններն ահազանգում են իրավապահների անգործության և կնասպանության չկանխարգելման մասին» թեմայով: Բանախոսներն էին` Կանանց աջակցման կենտրոնի փաստաբաններ Նոնա Գալստյանը, Ամալյա Ավագյաը, Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը  և  Կանանց աջակցման կենտրոնի սոցիալական աշխատող Ալվարդ Կարապետյանը:

Սույն տարվա մայիսի 9-ին ոստիկանության Մասիսի բաժին  ահազանգ է ստացվել այն մասին, որ ծեծի ենթարկված վիճակում Մասիսի ԲԿ է տեղափոխվել երիտասարդ կին, ով հավանաբար մահացած է: Անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է, որ կինը 30-ամյա Մարիամ Ասատրյանն է:

Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ  հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ է՝ ծնված 1993 թվականին: Հանցագործը Մարիամ Ասատրյանի զուգընկերն է եղել: Վերջինս սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք այն մասին, որ 2019թ. մայիսի 8-ի երեկոյան Արարատի մարզի Այնթափ գյուղին հարակից դաշտամիջյան տարածքում ռետինե խողովակով, փայտյա մահակով և այլ առարկաներով ծեծի է ենթարկել 30-ամյա իր վաղեմի ծանոթին, ով ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է, ինչից  հետո իր ավտոմեքենայով նրա դին տեղափոխել է Մասիս ԲԿ:

Կանանց աջակցման կենտրոնը ահա այս դեպքից հետո հանդես էր եկել նաև հայտարարությամբ` ահազանգելով որ իրավապահները և տեղական ինքնակառավարման մարմինները Մարիամ Ասատրյանի դեպքի մասին դեռ 2017թ.-ից տեղյակ են եղել , սակայն որևէ կանխարգելիչ և պատժիչ գործողությունների չեն դիմել:

Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանի խոսքով` Մարիամ Ասատրյանը երկու տարի առաջ դիմել է  իրենց՝ կենտրոնի թեժ գծի միջոցով. «Եղել է դաժան ծեծված,մի ձեռքը կոտրված, ինչի արդյունքում քրեական գործ է հարուցվել» : Հասմիկ Գևորգյանն ասաց, որ Մարիամը երկու ամիս մնացել է կանանց աջակցման կենտրոնի կացարանում,որից հետո իր կամքով որոշել է դուրս գալ և կյանքը շարունակել ազատության մեջ: Սակայն 2018 թվականին կրկին դիմել է կենտրոն, այս անգամ երկու կոտրված ձեռքով. «Ոստիկանությունը և քննչական մարմինը կրկին տեղեկացված է եղել այդ միջադեպից»:

«Դեպքի մասին գիտեին բոլորը, սակայն որևէ մեկը, ոչ մի աջակցություն չի տրամադրել Մ. Ասատրյանին».-նշեց Հասմիկ Գևորգյանը: 

Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանը երկու հանգամանք էր առանձնացրել` սպանված կնոջ անվտանգության և առողջության խնդիրը և նրա անչափահաս երեխաների, հոգևոր, ֆիզիկական , բարոյական անվտանգության լիրժեք զարգացման ապահովման խնդիրը: Ըստ Նոնա Գալստյանի, փոխարենն ընտրեն անհետաձգելի միջոցառումների որոշումը կիրառելու ճանապարհը ընտրում են նախազգուշացումը: Ըստ տիկին Գալստյանի վիճակագրությունն էլ փաստում է, որ անգամ բարձր ռիսկայնության պայմաններում շուրջ երկուսու կես անգամ նախազգուշացում կիրառելու որոշումները գերազանցում են անհետաձգելի միջամտության որոշումներին:

«Իրավասու մարմինները պարտավոր էին հոգ տանելու երեխաների մասին, բայց որևէ միջոց չեն ձենարկել :Մեր ջանքերով` երխաները տեղավորվել Էին մանկատանը, սակայն հետագայում խնամակալության մարմնի խիստ կասկածելի եզրակացությունների արդյունքում երեխաները կրկին հայտվել են բռնության միջավայրում և շարունակել են վնասվել»: Իրավապաշտպանների խոսքով` հանցագործը հարձակվել է նաև իրենց կացարանի վրա` վնասելով ճաղավանդակները: Բոլոր ապացույցները բավարար են եղել, բայց համարժեք միջոցներ չեն ձեռնարկվել : Ըստ Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոնա  Գալստյանի, ոլորտում դրական փոփոխությունն այն է, որ քաղաքացիական հասարակության հետեւողական պայքարի արդյունքում,ի վերջո, ընդունվեց Ընտանեկան բռնության մասին օրենքը եւ օրենքով նախատեսվեցին նաեւ բռնության երեւույթները կանխարգելելու նաեւ պատժիչ սահմանափակումներ կիրառելու բռնություն գործադրած անձանց նկատմամբ. «Բայց օրենքի ընդունումից հետո իրավակիրառ պրակտիկան գնաց այն տրամաբանությամբ, որ, հնարավորինս ամեն կերպ պետք է խուսափել, օրենքով նախատեսված առավել խիստ, վճռական միջոցառումների ձեռնարկումից»:

Գոհար Սարգսյան


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia