Search

Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է. Մհեր Մկրտչյան


Այսօր թատրոնի և կինոյի մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: նշանավոր հայ դերասան,ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930թ. հուլիսի 4-ին Լենինականում: Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ Մկրտչյանն ունեցել է երկու անուն, առաջինը Մհեր. այսպես նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անվանել են այդպես ի պատիվ հայտնի քաղաքացիական պատերազմի հերոսՄիխայիլ Ֆրունզեի: Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝ որպես Մհեր Մկրտչյան: 1945-1946 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։ 1951-1956թվականներին սովորել էԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1956 թվականին տեղափոխվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն: 1959 թվականին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։ Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։ Մեծատաղանդ արտիստ Մհեր Մկրտչյանը հայտնվեց հայ թատերական արվեստում՝ արժանանալով ժողովրդական ինքնաբուխ սիրո: Դեռևս մանկուց են դրսևորվել նրա բազմաթիվ շնորհները. դպրոցին զուգընթաց սովորել է Մերկուրովի անվան նկարչական դպրոցում (հայրը՝ Մուշեղը, երազում էր, որ որդին նկարիչ դառնա), օժտված անսովոր, բացառիկ երաժշտականությամբ՝ նվագել է կլարնետ, երգել է գուսանական և ժողովրդական երգեր, բանաստեղծություններ է գրել, Տեքստիլ կոմբինատի թատերական ինքնագործ խմբի ներկայացումներին խաղացել է փոքր ու մեծ բազմաթիվ դերեր, Վարդուհի Վարդերեսյանի հետ ուսանել է Գյումրիի թատրոնի ստուդիայում՝ դառնալով թատրոնի երիտասարդ դերասանների փայլուն հերթափոխը: Ինքն իր մասին ասել է. «Լենինականի Տեքստիլի ակումբը համարում եմ պատերազմական տարիների իմ խանձարուրը, Լենինականի թատրոնը՝ իմ ոսկե օրոցքը, Գ. Սունդուկյանի թատրոնը կարելի է համարել ինստիտուտի ուսումնառություն, այն ամենը, թե ինչ եմ սովորել...» : Ապրել է «Ծանիր զքեզ», «Սովորի՜ր, սովո-րի՜ր, սովորի՜ր…» կարգախոսներով: «Հայ թատրոնի առեղծվածներից մեկը…Զարմանահրաշ արտիստ: Եկավ աշխարհը ավելի բարի դարձնելու… եկավ ծիծաղով… դարդը թաքցրած մեզանից, ինքն իրենից: Ապրեց ու արարեց ազատ, անկախ, շռայլ: Մեծ… մեծ, ինչպես իրեն ծնող հողը՝ անզուգական Գյումրին: Նա այն գյումրեցին էր, որ իր մեջ պարփակեց Շերամի վառվող ջիգյարը, Իսահակյանի պոեզիայի խորությունը, Շիրազի ժայթքող սիրտը, Մինասի խիտ ու անսպասելի գույները, Արփաչայի հավերժությունը: Ինչ բազում ու բազմաթիվ դերեր, ինչ դերակատարումներ: Համաժողովրդական, խելակորույս սեր բեմում, կյանքում: Հումորի շատրվան, հմայքի ծով» , - այսպես է բնութագրել մեծ արտիստին անվանի ռեժիսոր, թատերական-հասարակական գործիչ Երվանդ Ղազանչյանը:

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է արտիստի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից:

Առանձնացրել ենք նրա խորիմաստ մտքերը, կյանքի ու թատրոնի վերաբերյալ իր փիլիսոփայական հասկացությունները, որոնք այլևս առածներ են.


  • Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի։

  • Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել։


  • Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց:

  • Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել։

  • Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց:

  • Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։ 

  • Սիրուն մարդը  բեմում դառնում է  տգեղ, եթե նա  վատ  է  խաղում:

  • Դերասանական արվեստի ամենամեծ գործիքր աչքերն են, աչքերը։

  • Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։Դերասանր ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր:

  • Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին:

  • Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է:

  • Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի: 

  • Մարդու ամենամեծ թերությունը լիարժեքության զգացումի թերարժեքությունն է…

  • Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…

  • Ես չեմ կարող կիսատոնի վրա ճիշտ լինել։ Կիսատ բաներ չեմ սիրում։ 

  • Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը, երբ որ քանդակը ավարտվում է, ինքն արդեն չկա:

  • Տաղանդավոր մարդր չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում:

  • Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ:

  • Ես ահավոր շատ սիրում եմ փորձը, քան թատրոնում խաղալը: Չտեսնված գեղեցիկ բան է փորձը, մանավանդ լավ փորձը, որն, ափսոս, հանդիսատեսը չի տեսնում:

  • Ես  հասկացել եմ,  թե ինչու  աշխարհը  ղեկավարում են միջակությունները: Նրանք  չեն խմում  և  առավոտվանից  սկսում են  զբաղվել  իրենց  կարիերայով:

  • Երբ ես ծնվեցի, բոլորը ծիծաղում էին, իսկ ես լացում: Երբ ես մահանամ, բոլորը կլացեն, իսկ ես կծիծաղեմ:



Բարձր ենք գնահատում նաև ֆրանսիացի խորհրդարանականների ջանքերը. Արցախի ԱԳՆ

2023 թվականին ԵԱՀԿ նախագահ կդառնա Հյուսիսային Մակեդոնիան

Քասախի համայնքապետը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ Մշտական ներկայացուցչի ելույթի վերաբերյալ

Տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի երդման արարողությունը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի գլխավորած պատվիրակությանը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: