Search

Կկարողանա՞ իշխանությունը ձերբազատվել անսխալականության բարդույթից


«Ներկայիս ճգնաժամային իրավիճակում շատ է խոսվում համախմբվածության և միասնականության մասին, որը պետք է թույլ տա հաղթահարել բարդ իրավիճակը։ Իսկ համախմբվածությունն իրենից ենթադրում է, որ բոլորը պետք է աշխատեն միասին, փորձեն լուծումներ գտնել։

Հաճախ են այն դեպքերը, երբ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ընդդիմության, այլախոհների, կամ պարզապես այլ մասնագետների աջակցության ու խորհրդի կարիքը չունեն, իրենք կարող են գլուխ հանել առկա իրավիճակից։ Անսխալականության բարդույթի մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք: Դրանով է պայմանավորված, որ նրանք համարում են, թե իրենց քայլերն ու գործողություններն անբեկանելի են, անթերի, քանի որ իրենք «ներկայացնում են ժողովրդին», իսկ իրենց նախաձեռնությունները բխում են ժողովրդի շահերից։ Ավելին՝ որոշ դեպքերում՝ նույնիսկ ժողովրդի «պահանջից»: Այս դեպքում գործ ենք ունենում իշխանությունների մեծամտության հետ, երբ վերջիններս չեն փորձում առերեսվել իրականության հետ և լսել նաև այլընտրանքային կարծիքներ։ Իսկ երբեմն այնպես է ստացվում, որ բազմաթիվ քննադատություններից և աղմուկից հետո միայն իշխանությունը ստիպված է լինում հաշվի նստել այլ տեսակետների հետ։ Այս իշխանությունների մոտ երկու տարվա գործելաոճը հստակ է՝ նախ անել մտքներին եկածը, հետո մտածել հետևանքների մասին: Ազգային ժողովն ուրբաթ ուշ երեկոյան արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկում էր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որոնք վերաբերում են արտակարգ դրության պայմանների խստացմանը: Եվ առաջին ընթերցման ժամանակ կիսատ-պռատ, «ոտքի վրա» սարքված ու խորհրդարան ներկայացված այս փաթեթը իշխանությունները փորձում էին ներկայացնել որպես վերջին կարգի ճշմարտություն, սակայն դրանք բուռն քննադատության ենթարկվեցին ընդդիմության կողմից։ Սրան գումարած՝ խորհրդարանի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքը, երբ կարևորագույն նախագիծը խորհրդարանական երկրի ԱԺ-ում ներկայացնում է ոչ թե նախարարը, այլ նրա տեղակալը, որն ակնհայտորեն պատրաստ չէր ո՛չ օրենքի նախագիծը լիրաժեք ներկայացնել, ո՛չ էլ պատգամավորների հարցերին տրամաբանված ու սպառիչ պատասխաններ տալ։

Ի վերջո, հաշվի առնելով, որ իրենց կոշտ մոտեցումը և ինքնահավան գործելակերպը կարող է հանրության շրջանում բացասական լիցքեր առաջ բերել, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ստիպված եղավ փոփոխություններ կատարել վերոնշյալ օրենքներում այն առաջարկների շուրջ, որ ներկայացրել էին ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն։ Ավելին, ինչպես տեղեկացրեց հիմնական զեկուցողը, քննարկումներում ներգրավել էին նաև տարբեր իրավաբանների, իսկ օրենքի նախագիծն ԱԺ-ում արդեն ներկայացնում էր արդարադատության նախարարը: Արդյունքում այս օրենքներն ԱԺ-ում արդեն երկրորդ ընթերցման ժամանակ լուրջ հակազդեցության չարժանացան ընդդիմության ներկայացուցիչների կողմից, իսկ նախագծերի շուրջ հնարավոր եղավ կոնսոլիդացիա ապահովել։ Օրինագիծն ընդունվեց միաձայն և ոչ ոք դեմ չքվեարկեց: Բայց հարցն այն է, որ իշխանությունները իրենց առջև խնդիր պետք է դնեն, որ կոնսոլիդացիա ապահովվի ոչ թե միայն մի քանի հարցերում, ոչ միայն արտակարգ իրավիճակներում, այլև ընդհանրապես»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia