Կիեւի կողմից «կեղտոտ ռումբ» օգտագործելու սպառնալիքն ակնհայտ է. Կրեմլ

Կիեւի կողմից «կեղտոտ ռումբ» օգտագործելու սպառնալիքն ակնհայտ է, Շոյգուն այդ տեղեկատվությունը հասցրել է Արեւմուտքին, իսկ դրան հավատալն ու չհավատալը նրանց գործն է, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Բանն այն է, որ ռուսական կողմի հաղորդած տեղեկատվության նկատմամբ նրանց անվստահությունը չի նշանակում, որ նման կեղտոտ ռումբի կիրառման սպառնալիքը դադարում է գոյություն ունենալ։ Սպառնալիքն ակնհայտ է։ Այս տեղեկությունը ներկայացվել է պաշտպանության նախարարի զրուցակիցների ուշադրությանը։ Այնուհետեւ արդեն նրանց գործն է՝ հավատալ, թե չհավատալ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում նրան, որ Արեւմուտքը չի հավատում Կիեւի կողմից նման սպառնալիքին։ Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Թուրքիայի իր գործընկերներին մտահոգություն էր հայտնել Կիեւի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման կապակցությամբ։
Comments