ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել են «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած երիտասարդները

Հոկտեմբերի 20-26-ը «Էրազմուս+» ծրագրի ուսումնական այցի շրջանակում 16 երկրներից 37 ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի ուսումնական այցի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդության և ոչ ֆորմալ կրթության ոլորտի ներկայացուցիչներին ընդունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Վալյա Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հյուրերին ներկայացրել է ՀՀ երիտասարդական քաղաքականության գերակա ուղղությունները, երիտասարդների հետ տարվող աշխատանքներն ու պետական ծրագրերը։ Նախարարի տեղակալը խոսել է նաև ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության միջոցով աշխատաշուկայում երիտասարդների մասնակցության խթանման, նրանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացման աջակցության, նորարարության, մշակույթի և գիտության ոլորտներում երիտասարդների ակտիվ ներգրավման, ինչպես նաև առողջ ապրելակերպի մշակույթի տարածման մասին: Հանդիպման վերջում հյուրերը նախարարության ներկայացուցիչներին ուղղել են իրենց հուզող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ: Օտարերկրյա հյուրերի այցը Հայաստան կրում է ուսումնական բնույթ, որի շրջանակում նրանք պետք է ծանոթանան Հայաստանում երիտասարդական աշխատանքի զարգացմանը, երիտասարդական քաղաքականության ներկա վիճակին և առաջիկա ծրագրերին, հանդիպումներ ունենան հասարակական կազմակերպությունների, երիտասարդական և պետական լիազոր կառույցների ներկայացուցիչների հետ:
Comentários