Search

Կբարձրանան պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության ընթացքին, հարցի վերաբերյալ ներկայացվել են պարզաբանումներ (տես՝ հղումը): Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2014 թ. հոկտեմբերի 2-ի 1085-Ն որոշման մեջ՝ նպատակ ունենալով հնարավորության սահմաններում բարձրացնել պարտադիր ժամկետային զինծառայողների նյութական ապահովության մակարդակը և խթանել ծառայողական պարտականությունների կատարումը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ որոշման նախագծի համաձայն՝ նախատեսվում է ավելացնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը: Արդյունքում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների դրամական ապահովության չափը կավելանա 2.000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1.000 դրամով: Վարչապետ Փաշինյանը հարցի առնչությամբ նշել է. «Իհարկե, գումարները շատ սիմվոլիկ են, բայց նաև արձանագրենք, որ պետք է հենվենք այն բազայի վրա, որ ունենք, և մեր որոշումն էլ, ըստ էության, սիմվոլիկ է: Մենք բազայի հետ համեմատած էականորեն ավելացնում ենք, որոշ դեպքերում՝ նույնիսկ կրկնակիից ավելի: Կարծում եմ՝ շատ սիմվոլիկ և կարևոր քայլ է, բայց արձանագրենք, որ գումարները բացարձակ մեծ չեն, և հույս ունենք, որ առաջիկայում, հետագայում մեր ընդհանուր աշխատանքի արդյունքում կկարողանանք այնպիսի որոշումներ ընդունել, որոնք նաև բացարձակ գումարի առումով որոշակի գոհունակություն մեզ կպատճառեն: Մեր պարտադիր ժամկետային զինծառայողներին մաղթենք բարի ծառայություն և հույս ունենք, որ իսկապես գոհ կլինեք կառավարության այս որոշումից»:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia