Կարծում եմ՝ դատախազությունն իր դիրքորոշումը չի փոխելու և մինչև վերջ առաջ է տանելու. Խուդոյան
«Մենք վերապահումներ ունենք դատարանի որոշման առումով, որովհետև մեր համոզմամբ որևէ խափանման միջոցի անհրաժեշտություն չի եղել: Դատական ակտն ուժի մեջ է գտնվում և գրավի չափը վճարելու դեպքում Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ կհայտնվի, բայց դա չի սահմանափակում հնարավորությունը՝ դատական ակտը բողոքարկելու: Եթե այլ որոշման արդյունքում չափը կփոխվի կամ ընդհանրապես խափանման միջոցը վերանայվի, էդ դեպքում, այդ գումարը կվերադարձվի»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմանը՝ ասաց Ռ. Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Նա նշեց, որ բազմաթիվ անձինք պատրաստակամություն են հայտնել աջակցել գրավի ձեռքբերման հարցում և չի բացառվում՝ արդեն այսօր կվճարվի 2 մլրդ դրամի գրավը:
«Կարծում եմ՝ դատախազությունն իր դիրքորոշումը չի փոխելու և մինչև վերջ առաջ է տանելու»,- ասաց Խուդոյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը վստահեցրել էր, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դիմաց Վերաքննիչ դատարանի սահմանած գրավը մուծելու համար պահանջվող 2 միլիոն դրամը չկա ընտանիքի տրամադրության տակ:
Comments