Search

Կավասակի սինդրոմով երեխայի մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ը տեղեկացնում է․ «Օրերս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել չորս տարեկան տղա երեխա, որի մոտ հայտնաբերվել էր COVID-19, երեխան չուներ արտահայտված ախտանիշներ։ 4-օրյա բուժումից հետո երեխան COVID-19 թեստի կրկնակի բացասական արդյունքից հետո դուրս է գրվել հիվանդանոցից ու գնացել տուն։ Չորս օր հետո երեխայի ջերմությունը բարձրացել է և նա կրկին ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ծանր վիճակում։ Երեխայի մոտ ախտորոշվել է Կավասակի սինդրոմ (առաջին դեպքը):


Երեք օր անց երեխայի մոտ ի հայտ են եկել պարանոցային մկանների արտահայտված կարկամություն, զարգացած ներբանների, ափերի, դեմքի, որովայնի էրիտեմատոզ ցանավորում, այտուցներ վերջույթներին ու դեմքին, ինչպես նաև հավաքվել էր հեղուկ որովայնի խոռոչում: Ութ օրվա ընթացքում երեխայի մոտ գրանցվել է բարձր տենդ։


Թագավարակի հետազոտության բացասական արդյունք ստանալուց հետո՝ երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Այդ ընթացքում կլինիկական պատկերին ավելացել են նաև նոպայաձև ցավեր որովայնի հատվածում, ձութանման կղանք: Հայտնաբերվել է տասներկումատնյա աղու խոց։


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ստացած բուժման ֆոնին երեխայի վիճակը զգալիորեն բարելավվել է։


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխայի մոտ հիվանդության ընթացքում դրսեվորվել են մի քանի օրգան-համակարգերի ախտահարում, առկա են եղել արտահայտված լաբորատոր բորբոքային ցուցանիշներ և նախորդող COVID-19 վարակ՝ նրա մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ։ Ախտորոշումը տեղի է ունեցել համաձայն ԱՀԿ կողմից առաջարկված չափանիշների։ Հիվանդությունը ախտորոշելուց հետո երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից տեղափոխվել է «Արաբկիր-ԵԴԱԻ» ԲՀ՝ հետագա բուժումը շարունակելու համար»։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia