Կառավարությունը 2 տարում չի կարողացել ստեղծել գործող համակարգ, որը կվերհաներ անվտանգային խնդիրները
Այս պահին ընթանում է Կառավարության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվելու է 2023թ. պետական բյուջեն. Ենթադրվում է, որ նիստի ընթացքում նաև որոշվելու է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության համար» հատկացումների չափը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գիտուժ» նախաձեռնությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ակնկալում ենք, որ որոշում ընդունելուց առնվազն կիրականացվեն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով ամրագրված գիտության համար հատկացումների աճը, 2022թ.-ից բազային աշխատավարձերի աստիճանաբար բարձրացման մասին Կառավարության 2021թ. մայիսի 13-ի որոշումը, ինչպես նաև վարչապետի հանրային խոստումները, համաձայն որոնց 2022-2025թթ. ընթացքում ամեն տարի գիտության ֆինանսավորումը միջինում աճելու է 3-5 մլրդ դրամով։ Բացի դրանից, անհրաժեշտ է ավելացնել գիտական էկոհամակարգի զարգացման բազմիցս քննարկված ծրագրերի ծավալները, Գիտության Կոմիտեի առջև պետք է դնել ավելի հավակնոտ գիտության զարգացմանը միտված ազգային ծրագրերի հրատապ մեկնարկի խնդիր և հատկացնել համապատասխան միջոցներ։ Այսօր կենսական խնդիրներից է պաշտպանական ԳՀՓԿ պատվերի համակարգի հրատապ ամբողջական գործարկումը և այդ պատվերի ծավալի շեշտակի ավելացումը։ Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետն ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց, որ Հայաստանն ունի անհրաժեշտ ֆինանսական միջոցները, սակայն զենք գնել ցանկանալու ընթացքում մենք առերեսվում ենք լուրջ արտաքին խոչընդոտների։ Բոլորի համար ակնհայտ է, որ նման «խոչընդոտներ» միշտ են եղել։ Նույնիսկ այսպիսի գոյաբանական հարցի առկայության պարագայում Կառավարությունը երկու տարվա ընթացքում չի կարողացել ստեղծել գործող համակարգ, որը կվերհաներ մեր անվտանգային խնդիրները՝ դրանց հիման վրա ձևակերպելով ԳՀՓԿ պետական պատվեր և կազմակերպելով գիտական կազմակերպությունների ու մասնավոր ընկերությունների ծրագրերի մրցույթներ այդ խնդիրների լուծումների համար՝ հատկացնելով համապատասխան միջոցներ։ Փոխարենը մենք ականտես ենք լինում «գումարը կա, ծրագրեր չկան» պատճառաբանություններին, որոնք անընդունելի են հանրային ծառայողի կողմից, հատկապես պատմական այս շրջանում։ Կառավարությունից ակնկալում ենք հստակ և կոնկրետ գործողություններ։
Comments