Search

Կառավարության գիտակից անդամները Փաշինյանի ձեռքը կրակն են ընկել. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսօր՝ մամուլի ասուլիսին, անդրադառանալով ԱԺ-ում Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծման հարցին, ասել է. «Քննիչ հանձնաժողով ստեղծվում է այն պատերազմներից հետո, որոնք պարտվում են: Մենք պարտվե՞լ ենք Ապրիլյան պատերազմում. դիտարկել, որ մենք տարածք են կորցրել և պարտվել ենք, նշանակում է չհասկանալ ո՛չ ռազմաքաղաքական իրավիճակը, ո՛չ աշխարհաքաղաքական իրավիճակը և ընդամենը տուրք տալ ոչ հայկական քարոզչական թեզերին... Ի՞նչն է խանգարում ոստիկանությանը, դատախազությանը, ԱԱԾ-ին զբաղվել այդ նույն հարցերով, և ինչո՞ւմն է պատճառը, որ հարցը պետք է տեղափոխվի ԱԺ: Ընկնի մի մարդկանց ձեռք, որոնք ընդամենը ֆրակցիոն բաշխվածության սկզբունքով ընկել են այդ հանձնաժողով, որտեղ մասնագիտական կարողությունների լուրջ խնդիր կա, որտեղ 2-3 փորձագետ այդ հարցերը չի լուծելու և որտեղ հանձնաժողովի նիստերը փակ են ընթանալու»: Նրա կարծիքով իշխանությունները փորձում են ձևավորել տոտալ վերահսկողության երկիր. «Երկիր, որտեղ միակ բանը, որ ստացվում է վարչապետի մոտ, կառավարության նիստերին հանձնարարություններ տալ ուժայիններին որևէ մեկին ցբխելու: Որևէ այլ բան այս կառավարության մոտ չի ստացվում: Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն ենք ընկել ոչ թե մենք, այլ կառավարության գիտակից անդամները: Նրանք ամեն անգամ ստիպված են սվաղելու, լղոզելու Նիկոլ փաշինյանի հերթական անհաջող հայտարարությունները: «Այս կառավարությունն ապացուցում է, որ որևէ աղերս չունի ՀՀ արտաքին ու ներքին բազմաթիվ մարտահրավերների հետ»,-նշել է Աշոտյանը:

 ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ նաև վերաբրենդավորման հարցին. «Վերաբրենդավորումը լավ տերմին է, մենք վերաբրենդավորում անցնում ենք, բայց եթե դուք սպասում եք՝ սև շապիկները կհանենք ու կհագնենք ծաղկավոր բաբոչկա՞: Դա վերաբրենդավորում չի լինելու։ Եթե դուք սպասում եք, որ ես կփոխեմ իմ սանրվածքը, դա այդպես չի լինելու։ Այսինք՝ վերաբրենդավորումը շատ ավելի բովանդակային ու կառուցվածքային է, քան տեսանելի պրոցեսները։ Մենք վերաբրենդավորվել ենք, որովհետև մեր քաղաքական օրակարգում բյուրեղացրել ենք մեր քաղաքական կուսակցական ծրագիրը։ Մենք Հայաստանում առ այսօր ամենամիջազգայնացված քաղաքական կուսակցությունն ենք, անգամ այս իշխանություններից։ Ես ոչ թե ինքնանպատակ եմ գնում Բրյուսել, այլ իմ հանդիպումների արդյունքում գնում է իմ երկրի քաղաքական օրակարգը»։


Գոհար Սարգսյան

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia