top of page
Search

Կանխիկի հետ կապված խնդիրներ կան, կոչ եմ անում գնումներ կատարել անկանխիկ. Ռուբեն Վարդանյան


Արցախի այն քաղաքացիները, որոնք Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետեւանքով մնացել են Հայաստանում ու չեն կարողանում աշխատանքի ներկայանալ՝ կձեւակերպվեն որպես արձակուրդ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Իրենց մեղքով չէ, որ չեն գալիս աշխատանքի, մարդկանց բացակայություններ չպետք է դնել»,– զգուշացրեց նա։ Վարդանյանի խոսքով, Արցախում ընդհանուր առմամբ խուճապ չկա, համախմբված են։ «Վստահ եմ՝ այն ինչ անում ենք՝ ճիշտ է, մենք այս ամեն ինչից միայն ուժեղանում ենք։ Իրականությունը սա է, որը պետք է ընդունենք ու առաջ գնանք, այլ ճանապարհ չունենք»,– ասաց Արցախի պետնախարարը։ Նա կոչ արեց գնումներ կատարել անկանխիկ տարբերակով, քանի որ կանխիկի հետ կապված խնդիրներ կան։ Վարդանյանն ասաց՝ իրավիճակն անորոշ է, բաց հարցեր կան, դրա համար էլ հանդիպումներ են սկսում վարչակազմի ակտիվի հետ։ «Այդ կերպ ես շատ ավելի լավ կհասկանամ, թե ինչ է կատարվում համայնքերում»,– ասաց նա։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկինբնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Դեկտեմբերի 13–ին էլ Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը։ Երեկ՝ դեկտեմբերի 16–ին, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ առանց որեւէ նախապայմանների, առանց իրենց կողմից որեւէ զիջումների, Ադրբեջանը վերականգնել է գազի մատակարարումը: Նա նշել էր, որ օրվա մեջ կարող է ճանապարհը բացվի, սակայն այդ հայտարարությունից մեկ օր անց էլ՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Ռուբեն Վարդանյանը նախօրեին Ստեփանակերտում այսօրվա համար հանրահավաք էր հրավիրել, սակայն ավելի ուշ հայտնեց, որ հանրահավաքը տեղի չի ունենալու, փոխարենը իրենք կայցելեն տարբեր համայնքներ։ «Մենք ունենք խնդիր, թե ոնց անենք, որ այս հանրահավաքը դառնա այնպիսի հանրահավաք, որը եղել է 1990-ականների սկզբին: Դա պետք է լինի անկեղծ շփում կառավարության ու ժողովրդի միջեւ: Դրա համար երկար քննարկումներից հետո, որոշել ենք վաղը գնալ Մարտակերտ, այնտեղ ժամը երեքին անցկացնենք հանդիպում, հնարավորություն ունենանք մարդկանց հետ շփվելու, հաջորդ օրը գնանք Մարտունի, հաջորդ օրը՝ Ասկերան, եւ դրանից հետո պարզ կլինի, թե ինչպես կազմակերպենք հանրհավաքը Ստեփանակերտում: Խնդիրները շատ են, իրավիճակը փոխվում է շատ դինամիկ, եւ կարեւոր է, որ ինչ-որ քայլ անելիս հիմնվենք բոլոր քաղաքացիների կարծիքի վրա: Ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք շատ ազնիվ ու բաց քննարկումներ»,-ասել էր նա։

 
 

Comments


bottom of page