Search

Կայացել է Թվայնացման խորհրդի նիստը



Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի նիստ: Նիստում քննարկվել է Հայաստանի՝ 2020-2025թթ. թվայնացման ռազմավարության նախագիծը:


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը ներկայացրել է ռազմավարության նպատակները և դրանց իրականացման ճանապարհային քարտեզը: Նա նշել է, որ էլեկտրոնային կառավարման և թվային տեխնոլոգիաների զարգացմամբ Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում, և մինչ այժմ իրականացված հաջող նախաձեռնությունները լավ հիմք են հետագա թվային փոխակերպման համար: Նրա խոսքով՝ Թվայնացման ռազմավարությամբ նախատեսվում է իրականացնել պետության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպում` պետական համակարգում նորարարական տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, տվյալների քաղաքականության զարգացմամբ, համակարգերի փոխգործելիության ապահովմամբ, միասնական ստանդարտների ներդրմամբ, կրթական ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև մասնավոր հատվածում թվային գործիքների խթանմամբ: Արդյունքում ակնկալվում է՝ հանրային ծառայությունների մատուցման բարձր որակի ապահովում, պետական կառավարման արդյունավետության աճ, ինստիտուցիոնալ թվայնացում, ենթակառուցվածքների զարգացում, տվյալահեն որոշումների կայացում, թվային հմտություններով աշխատուժի զարգացում: Նախատեսվում է ռազմավարությունն իրականացնել 2 փուլով՝ 2020-2021 թթ. և 2022-2025 թթ.: Ռազմավարությունը քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների և մասնագիտական ասոցիացիաների հետ, ներկայացված առաջարկները նկատի են առնվել և ընդունվել են ի գիտություն:


Ռազմավարության շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Քննարկվել են թվայնացման միասնական ստանդարտներին և ձևաչափերին, ըստ ոլորտների մատուցվող պետական ծառայությունների շրջանակին, միջգերատեսչական համագործակցությանը, կիբերանվտանգության ենթակառուցվածքների զարգացմանը, տվյալների համակարգերի փոխգործելիությանը, թվայնացման ուղղությամբ արդեն իսկ իրականացված աշխատանքների ներդաշնակեցմանը վերաբերող և այլ հարցեր: Արծարծվել են կազմակերպչական մի շարք հարցեր ևս:


Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ թվայնացումը հեղափոխական գործընթաց է, և աշխատանքը պետք է իրականացնել և՛ բովանդակային, և՛ տեխնիկական ուղղություններով: Վարչապետի դիտարկմամբ, բացի տեխնիկական չափանիշներից, թվայնացման ռազմավարությամբ պետք է քաղաքական հստակ նպատակադրումներ և տեսանելի նշաձողեր սահմանվեն, որպեսզի հանրությունը կարողանա պատկերացում ունենալ նպատակների և արդյունքների մասին: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրային ակտիվ կոմունիկացիան, թվային փոխակերպման գործընթացների վերաբերյալ լայն իրազեկումը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին:


Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է, քննարկման արդյունքներով, լրամշակել ռազմավարության նախագիծը և ընթացք տալ հետագա աշխատանքներին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia