Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը Մոսկվայում
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք նաեւ հանդես կգան ասուլիսով:Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նախարարները նախատեսում են համալիր քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթների իրագործման շրջանակներում, որն ամրագրել է երկկողմ փոխգործակցության արտոնյալ դաշնակցային բնույթը և ռազմավարական ուղղվածությունը։ԱԳ նախարարությունների ղեկավարները մանրամասն կանդրադառնան տարածաշրջանային օրակարգին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման պրիզմայով։Կքննարկվեն ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում ՝ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև գործողությունների համակարգումը տարբեր ունիվերսալ միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում:Կկայանա երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից առաջին անգամ պատրաստված «Ռուսաստանի Դաշնություն և Հայաստանի Հանրապետություն. դաշնակցային փոխգործակցության 30 տարի» ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի եռահատոր ժողովածուի շնորհանդեսը»։ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանը Ռուսաստանի մտերիմ դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։«Հիմնվելով բարեկամության պատմական արմատներ ունեցող ամուր ավանդույթների, մեր ժողովուրդների անփոփոխ համակրանքի և մտերմության վրա՝ Մոսկվան և Երևանը կառուցել են բազմակողմ վստահելի հարաբերություններ։Շարունակում ենք կատարելագործել ավելի քան 200 փաստաթուղթ կազմող իրավապայմանագրային բազան։ Իրականացնում ենք դրանց գույքագրման համակարգային աշխատանքներ»»,- ասված է հաղորդագրությունում։
Comentarios