top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կամբոջայում տեղի է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարի հանդիպումը չինացի պաշտոնակցի հետ


Կամբոջայում տեղի է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հանդիպումը չինացի պաշտոնակցի՝ Վեյ Ֆենհեի հետ։ Սիեմրեապում համաժողովի շրջանակում կայացած հանդիպումը, որը տեւել է մեկուկես ժամ, առաջինն էր Օսթինի եւ Վեյի միջեւ հունիսից ի վեր, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել էր Թայվան, ինչը զայրացրել էր Պեկինին, տեղեկացրել է AFP-ը։ Բայց այդ ժամանակվանից Չինաստանը եւ Միացյալ Նահանգները ձգտել են իջեցնել ջերմաստիճանը բարձրաստիճան պաշտոնական անձանց հանդիպումների օգնությամբ։ ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը Օսթինի եւ Ֆենհեի բանակցությունները բնութագրել է «արդյունավետ» եւ «պրոֆեսիոնալ»։ Երկու կողմերը համաձայնել են, որ կարեւոր է, որպեսզի իրենց երկրներն աշխատեն միասին, որպեսզի մրցակցությունը չվերաճի հակամարտության, բայց «մրցակցությունը հարաբերությունների որոշիչ գիծն է մնում»,- լրագրողներին ասել է պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Օսթինը փորձել է վերականգնել «երկխոսությունները եւ մեխանիզմները զինվորականների միջեւ, որպեսզի այդ մրցակցությունը պատասխանատու կերպով կառավարվի»։ Երկու կողմերը «համաձայնել են, որ կարեւոր է վերագործարկել այդ կոնկրետ մեխանիզմները, որոնք նրանք քննարկել են, եւ մենք անհամբերությամբ սպասում ենք դրանց իրականացմանը առաջիկա ամսիներին»։ Բանակցությունները տեղի են ունեցել Բալիում, նոյեմբերի 14-ին «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակում Ջո Բայդենի եւ Սի Ծինփինի երեք ժամ տեւած հանդիպումից հետո, որն առաջինն էր նրանցից յուրաքանչյուրի նախագահ դառնալուց ի վեր։ Այնուհետեւ տեղի է ունեցել Սի Ծինփինի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ Բանգկոկում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների գագաթաժողովում։ ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ Օսթինի եւ Ֆենհեի միջեւ տեղի է ունեցել «կարծիքների փոխանակում» Թայվանի վերաբերյալ։ «Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ ԱՄՆ քաղաքականությունը Թայվանի հանդեպ չի փոխվել, որ Միացյալ Նահանգները շարունակում է դեմ լինել ստատուս-քվոյի միակողմանի փոփոխություններին եւ շարունակելու է կատարել պարտավորությունները՝ Թայվանի հետ հարաբերությունների մասին օրենքին համապատասխան»։ Նա նաեւ նշել է, որ Օսթինը բարձրացրել է Թայվանի շուրջ չինական ռազմական ինքնաթիռների գործողությունների հարցը։ «Օսթինը մտահոգություն է հայտնել օդում ոչ անվտանգ կամ ռիսկային գործողությունների առիթով, որոնք առանձնապես են անհանգստացնում։ Նրանք դիտարկել են նաեւ մի շարք տարածաշրջանային հարցեր, ներառյալ Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան»։

0 comments

Comments


bottom of page