top of page
Search

Կաթողիկոսը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է գերեվարված հայորդիների ազատ արձակման հարցը



Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ նորին Սրբությունն իր շնորհավորանքներն ու արդյունավոր առաքելության մաղթանքներն է հղել դեսպանին։

Ամենայն Հայոց Հայրապետը, ի դեմս ԱՄՆ դեսպանի, իր շնորհակալությունն է հայտնել Միացյալ Նահանգների իշխանություններին մեր երկրին ու ժողովրդին ցուցաբերած զորակցության և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։

Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին, վերջինիս կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը՝ հույս հայտնելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները գործուն քայլեր կձեռնարկեն Ադրբեջանի նմանօրինակ քաղաքականությունը զսպելու և արցախահայության ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար։ Հայոց Հայրապետը մասնավորապես ընդգծել է գերության մեջ հայտնված հայորդիների ազատ արձակման կարևորությունը։

Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, սրբավայրերի պղծման և ոչնչացման փաստագրված միջադեպերը։

Իր հերթին դեսպան Քրիստինա Քվինը Նորին Սրբությանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և անձամբ ինքը կշարունակեն իրենց ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ:

0 comments

Comments


bottom of page