Խոշոր եղջերավոր կենդանիները համարակալվում և հաշվառվում են
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիները պետպատվերով համարակալվում և հաշվառվում են։ «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի շրջանակում հետազոտական և նախապատրաստական երկար աշխատանք է իրականացվել, իսկ նոյեմբերից մեկնարկել է համարակալման և հաշվառման բուն գործընթացն Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում։ Համապետական ծրագիրը վերաբերում է Հայաստանի բոլոր համայնքների անասնատերերին ու ֆերմերներին։
Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը միտված է լուծելու ոլորտում առկա մի շարք խնդիրներ։ Ծրագրի արդյունքում կշահեն գյուղացին, սպառողն ու տնտեսվարողը։
Համարակալված կենդանուն հնարավոր կլինի գրավադրել, ապահովագրել և անհրաժեշտության դեպքում ստանալ փոխհատուցում։ Կենդանու կորելու կամ գողության դեպքում ականջապիտակը կօգնի վերադարձնել կենդանուն։
«ԽԵԿ համարակալման և հաշվառման ծրագիրն անասնաբուծության ոլորտի այն հենասյուներից է, որը հնարավորություն է տալիս կենդանիների և մարդկանց համար վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր մեխանիզմեր ներդնել, մատուցվող անասնաբուծական ծառայությունների արդյունավետությունն էլ ավելի բարձրացնել, արտադրել անվտանգ սնունդ՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան», - նշում է ՀՀ էկոնոմիկային նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
«Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի արդյունքում կլուծվի առաջնային ու կարևորագույն խնդիր՝ հնարավոր կլինի ապահովել անասնահամաճարակային կայուն իրավիճակ։ Կհեշտանա մսի՝ արտերկիր արտահանումն ու, որպես հետևանք կավելանան արտահանման ծավալները։ Բացի այդ, հետևել կենդանու շարժին՝ ով ումից գնեց, մինչ այդ ի՞նչ պատվաստումներ և բուժումներ է ստացել կենդանին։ Ստեղծվելու է բազա, որի հիման վրա կարելի է պլանավորել անհարժեշտ հակահամաճարակային միջոցառումները և բարձրացնել հանրային առողջության մակարդակը։
Սպառողն էլ, իր հերթին, անասնական ծագման մթերք գնելիս վստահ կլինի, որ ձեռք է բերում առողջ և անվտանգ սնունդ։
Ծրագրի շրջանակներում գյուղացին հարկային որևէ պարտավորություն չի ունենալու։ Բոլոր ծախսերն իրականացվելու են պետական միջոցներով։
Կառավարության՝ 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշմամբ, «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Համակարգի ներդրմանն աջակցում է CARD հիմնադրամը՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Comments