Search

«Խոզագրիպ» եզրույթն այլևս չի կիրառվում

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարությունների դեռևս 2010 թվականից «ԽՈԶԱԳՐԻՊ» եզրույթն այլևս կիրառելի չէ: «ԽՈԶԱԳՐԻՊ» եզրույթը կիրառվում էր ՄԻԱՅՆ 2009 թվականին, երբ նույն կազմակերպության կողմից հայտարարվել էր համավարակ՝ պանդեմիա, որպես գրիպի Ա տեսակի նոր ենթատեսակ և ուներ համավարակ առաջացնելու ներուժ, քանի որ վերջինս նոր ձևավորված ԳՐԻՊԻ Ա տեսակի ենթատեսակ էր և «անծանոթ» էր մարդկության համար: 2010 թվականից գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը համարվում է մարդու համար սեզոնային գրիպի հարուցիչ և այլևս ՉՈՒՆԻ համավարակ՝ պանդեմիա առաջացնելու ներուժ: Ավելին՝ վերջինս արդեն 10 տարի է շրջանառում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում: Նշենք, որ գրիպի Ա տեսակի H1N1, H3N2 ենթատեսակների և գրիպի Բ տեսակի (դրանք ներկայումս, որպես մարդու գրիպի տեսակներ և ենթատեսակներ, շրջանառում են թե եվրոպական տարածաշրջանի երկրներում, և թե Հայաստանում) դեմ առկա է պատվաստանյութ, ինչով ապահովված են բոլոր բժշկական կազմակերպությունները, որն էլ համարվում է գրիպի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Ավելին, բժշկական կազմակերպություններն ապահովված են հետգրիպային բարդություններով պացիենտների բուժում ապահովող դեղով: Այսօր հանրապետության որոշ բժշկական կազմակերպություններում գրիպի ախտորոշման նպատակով կիրառվում են արագ ախտորոշիչ թեստեր, այնինչ դրանք, համաձայն Առողջապահության համաշախարհային կազմակերպության, կողմնորոշիչ են և արդյունքում կարող են ապահովել հետազոտության ոչ ճիշտ արդյունքներ: Գրիպի ախտորոշումն իրականացվում է միայն լաբորատոր մասնահատուկ մեթոդով (պոլիմերազային շղթայական ռեակցիա), այն էլ ոչ ախտորոշման, այլ շրջանառող հարուցիչների պարզաբանման համար: Հետևաբար՝ առաջարկվում է զերծ մնալ ոչ մասնագիտական և խուճապ հրահրող մեկնաբանություններից, հրապարակումներից և հետևել առողջապահության նախարարության հորդորներին և հայտարարություններին: ՀԻՇԵՑՆԵՆՔ, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնում (2019թ. հոկտեմբերից 2020թ. մայիս) և լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` դեռևս 2019 թվականի նոյեմբերից շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակները և գրիպի Բ տեսակի հարուցիչները: Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հորդորում է.

 պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,

 խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

 եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

 եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

 մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

 հագնվե´ք եղանակին համահունչ,

 պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

 օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

 հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

 հետևե´ք անձնական հիգիենային։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia