«Խաղ ու պար»-ը՝ Հայաստանի բոլոր անկյուններում բնակվող երեխաների համար
Հունվարի 21-ին, ժամը 14:00 Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի կունենա երգահան և պրոդյուսեր Զառա Պետրոսյանի «Խաղ ու պար» մանկապատանեկան երգերի ընտրանու շնորհանդեսը։
Ժողովածուն պարունակում է 24 երգերի նոտագրումները, բառերը, ինչպես նաև դրանց գործիքավորումները, որոնք հասանելի են QR կոդերի միջոցով։ Ավելին, ժողովածուն պատրաստվել է «երեխաների կողմից, երեխաների համար» սկզբունքով. այն ամբողջությամբ նկարազարդել են Հովհաննես Գասպարյանի, Քրիստինա Ավետիսյանի և Մարինա Շահումյանի գեղարվեստական ստուդիաների սաները։ «Երեխաների հետ աշխատանքը, նրանց տաղանդների բացահայտումն ինձ ոչ միայն տալիս է ապրելու ու արարելու կորով, այլև՝ դարձնում նրանց իմ ստեղծագործությունների համահեղինակը. ես ոգեշնչվում եմ հենց մեր հրաշք բալիկների հետ աշխատանքով։ Այս գիրքը տարբեր տարիներին գրված ստեղծագործություններիս ընտրանին է։ Սրանով ես ցանկանում եմ երգերն առավել մատչելի դարձնել մեր երկրում բնակվող, երաժշտական ներուժ ու ձիրք ունեցող բոլոր երեխաների համար։ Դա է պատճառը, որ նախատեսում ենք այն տարածել հայաստանյան դպրոցներով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ժողովածուն երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ որպես ուսումնական նյութ»,- նշում է Զառա Պետրոսյանը։ Դաշնամուրային նվագակցության հեղինակը Լիանա Փիրումյանն է, գրքի ձևավորումն իրականացրել է Հասմիկ Մովսիսյանը։
Երևանյան շնորհանդեսը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Հաջորդ շնորհանդեսները նախատեսվում են Շիրակի մարզում, Սյունիքում և այլ մարզերում։ Ժողովածուն լույս է տեսել Զանգեզուրի պղնձամոլիբտենային կոմբինատի կրթական նախաձեռնությունների աջակցության ծրագրերի շրջանակում։
Comments