ԼՂ-ի հակամարտության գոտում և դրա շուրջ գտնվող վարձկանները պետք է հեռացվեն. ՄԱԿ
ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով փորձագետները հույս են հայտել, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքէջը:
Այնուամենայնիվ, փորձագետները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շուրջ վարձկանների օգտագործման փաստով:
ՄԱԿ վարձկանների օգտագործման հարցերով աշխատանքային խումբը հայտարարել է, որ լայնորեն տարածված են հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը Թուրքիայի աջակցությամբ ԼՂ հակամարտության գոտում օգտագործել է սիրիացի գրոհայինների, այդ թվում՝ ռազմաճակատում իրենց դիրքերը ամրապնդելու և պահպանելու համար:
ՄԱԿ փորձագետների կարծիքով՝ գրոհայինները մոտիվացվել են առաջին հերթին անձնական շահով՝ հաշվի առնելով Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող ծանր տնտեսական իրավիճակը: Մահանալու դեպքում նրանց հարազատներին նյութական փոխհատուցում են խոստացել, նաև՝ Թուրքիայի քաղաքացիություն։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և նրա շուրջ այդ անձանց հավաքագրման, տեղափոխման և օգտագործման եղանակը, ըստ երևույթին, համապատասխանում է «վարձկան» եզրույթի սահմանմանը, որը առկա է համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերում, ներառյալ վարձկանների հավաքագրման, օգտագործման և ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիային, որի մասնակիցն է Ադրբեջանը»,- ասել է աշխատանքային խմբի նախագահ Քրիս Կվաջան:
Կվաջանը հավելել է, որ բացի այդ, ըստ հաղորդագրությունների, Թուրքիան զբաղվել է զինված խմբավորումների միջոցով սիրիացի տղամարդկանց լայնածավալ հավաքագրմամբ և Ադրբեջան տեղափոխմամբ, որոնցից մի քանիսը կապված են Սիրիական ազգային բանակի հետ: «Թուրքիայի ենթադրյալ դերն առավել մտահոգիչ է դառնում ՝ հաշվի առնելով այն, որ ավելի վաղ այս տարի աշխատանքային խումբը պնդել է Լիբիայում հակամարտությանը մասնակցելու համար նման գրոհայինների հավաքագրման, ծավալման և ֆինանսավորման գործում նրա դերի վերաբերյալ», – հավելել է Կվաջան:
Աշխատանքային խումբը մտահոգություն է հայտնել նաև ռազմական գործողությունների վերսկսման պահից ընդհուպ մինչև վերջին հրադադարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա շուրջ, ինչպես նաև այլ շրջաններում քաղաքացիական բնակավայրերի վրա կանխամտածված և անխնա հարձակումների մասին բազմաթիվ հաղորդագրությունների առնչությամբ, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության զոհերի, ներառյալ՝ երեխաների շրջանում: Նշվում է, որ լայնորեն հաղորդվել է նաև քաղաքացիական գույքին և ենթակառուցվածքին, այդ թվում՝ դպրոցներին և հիվանդանոցներին հասցված զգալի վնասի, ինչպես նաև լրագրողների մասնակցությամբ միջադեպերի մասին:
«Այս համատեքստում առավել մտահոգիչ է այն փաստը, որ Ադրբեջանում տեղակայված սիրիացի գրոհայինները ենթադրաբար կապված են զինված խմբերի և անհատների հետ, որոնք որոշ դեպքերում մեղադրվել են ռազմական հանցագործությունների և Սիրիայի հակամարտության ընթացքում մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ, ինչը, ըստ երևույթին, հավերժացնում է անպատժելիության ցիկլը, ինչը միջազգային իրավունքի հետագա խախտումների վտանգ է պարունակում»,- հավելել են նրանք:
Փորձագետները վերոհիշյալ մեղադրանքների վերաբերյալ իրենց մտահոգությունները փոխանցել են անմիջապես Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին և տեղեկացրել են Սիրիայի Արաբական Հանրապետությանը:
Commentaires