Լիտվան վերսկսել է տարանցումը դեպի Կալինինգրադ
- Anews
- Jul 23, 2022
- 1 min read

«Լիտվական երկաթուղիներին» (Lietuvos gelezinkeliai) պատկանող բեռնափոխադրող LTG Cargo ընկերությունը ուրբաթ վերսկսել է Ռուսաստանի եւ Կալինինգրադի միջեւ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը, ինչպես նախատեսում է Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված ուղեցույցը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ «Եվրամիության խորհրդի համապատասխան կանոնակարգի եւ ԵՀ ուղեցույցների, ինչպես նաեւ իրավասու մարմինների մեկնաբանությունների համաձայն, ԵՀ ուղեցույցներով նախատեսված տարանցիկ ապրանքների նկատմամբ վերահսկողության ուժեղացման պայմաններին համապատասխան՝ LTG Cargo-ն վերսկսել է փոխադրումներն այսօրվանից՝ հուլիսի 22-ից»,- ասվում է ընկերության՝ հաճախորդների համար հաղորդման մեջ: Ինչպես հաղորդվում էր, հուլիսի 13-ին Եվրահանձնաժողովը, որոշակի վերապահումներով, թույլ է տվել Ռուսաստանին արգելված ապրանքները երկաթուղով փոխադրել Կալինինգրադի մարզ եւ դրանից դուրս ԵՄ տարածքով։ Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն պետք է ապահովի, որ տարանցումը չօգտագործվի պատժամիջոցները շրջանցելու համար։ Ռազմական կամ երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների տարանցումը շարունակում է արգելված մնալ՝ անկախ տեղափոխման ընտրված եղանակից։ Նաեւ հաղորդվում էր, որ հունիսի 17-ից ուժի մեջ է մտել ռուսական պողպատի եւ գունավոր մետաղների ԵՄ ներմուծման արգելքը, հուլիսի 10-ից՝ ցեմենտի, սպիրտի, փայտյա արտադրանքի, ապակու, ալյումինի, թղթե արտադրանքի, գիպսի, նավերի մասերի։ Օգոստոսի 10-ից ուժի մեջ կմտնի ածուխի եւ այլ պինդ հանածո վառելիքի, դեկտեմբերի 5-ից՝ ռուսական նավթի եւ նավթամթերքների փոխադրման արգելքը։ LTG Cargo-ն պարզաբանում է, որ երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը պետք է համապատասխանի երեք տարվա միջինին՝ 2019-ի հունվարից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի վերջը։ Միջին արժեքները յուրաքանչյուր ապրանքի կոդի համար առանձին կհաշվարկվեն, իսկ հայտերը կմերժվեն, եթե դրանց ծավալը հասնի միջին տարեկան արժեքներին: Ապրանքները, որոնք նախկինում բեռնատարներով էին փոխադրվում, փոխադրումների միջին ցուցանիշը հաշվարկելիս չեն ներառվի։ «Ուղեցույցում նշված շքեղ ապրանքների փոխադրումը չի վերսկսվի մինչեւ առանձին պարզաբանում»,- նշում են «Լիտվայի երկաթուղիները»: Lietuvos gelezinkeliai-ն անցած տարի տարանցիկ շուրջ 11.5 միլիոն տոննա բեռ է փոխադրել Կալինինգրադ եւ հակառակ ուղղությամբ: Ամենից շատ սննդամթերք է փոխադրվել (1.3 մլն տոննա)։
Comments