Լիտվայի դեսպանի հետ քննարկվել է հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության հեռանկարները
- Anews
- Jul 20, 2022
- 1 min read

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հուլիսի 20-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: ՊԵԿ-ից հայտնում են, որ Ռուստամ Բադասյանը և Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն քննարկել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի և Լիտվայի միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ինչպես նաև միջազգային հարթակներում: Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՊԵԿ բարեփոխումների օրակարգը: Երկկողմ ընդգծվել է վերջին տարիների ընթացքում իրականացվող մեծածավալ բարեփոխումների կարևորությունը՝ պետություն-տնտեսվարող հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: Դեսպանը հայտնել է իր երկրի ոլորտային կառույցի պատրաստակամությունը՝ մաքսային բարեփոխումներին աջակցելու հարցում: ՊԵԿ ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ գործիքների շնորհիվ Լիտվայի գործընկերների մասնակցությամբ ցուցաբերված տեխնիկական աջակցության արդյունքները և կարևորել դրանց շարունակականության ապահովումը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել՝ Հայաստանի և Լիտվայի հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:
Comentarios