Լիբանանը փակում է սահմանները

Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը (ՊԳԽ) որոշում է կայացրել երկիր մուտք գործելու համար փակել ծովային եւ ցամաքային սահմանները` կորոնավիրուսով վարակների շարունակական աճի պայմաններում: Այս մասին Բաաբդա պալատում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՊԳԽ-ի գլխավոր քարտուղար, բրիգադային գեներալ Մահմուդ Ալ-Ասմարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշել է Ալ-Ասմարը, ՊԳԽ-ի արտակարգ նիստը, որը վարել է հանրապետության նախագահ Միշել Աունը, նվիրված է եղել «Լիբանանում ներկայիս ընդհանուր քաղաքացիական մոբիլիզացիայի ռեժիմի շրջանակներում սահմանափակող միջոցառումների խստացմանը` COVID-19 համավարակի դեմ պայքարելու համար»: Մասնավորապես որոշում է կայացվել հունվարի 14-25-ը 24-ժամյա պարետային ժամ սահմանել:
ՊԳԽ-ի հայտարարած միջոցառումների համաձայն, հինգշաբթի օրվանից փակ կլինեն բոլոր պետական հաստատությունները եւ մասնավոր ընկերությունները, համալսարանները, դպրոցները, մանկապարտեզները, կինոթատրոնները, գրադարանները, թանգարանները, հանդիսությունների սրահները, մարզադաշտերը եւ խաղատները: Ներդրվել է արգելք քաղաքային զբոսայգիների եւ արգելոցների համար։ Սննդի սուպերմարկետները, հացի փռերն ու ճաշարանները սնունդը կառաքեն պատվերով:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկուշաբթի Լիբանանում վարակվել է 3095 քաղաքացի, եւս 23-ը մահացել են կորոնավիրուսից: Օրվա ընթացքում 12 364 մարդ անցել է ՊՇՌ թեստ, որոնց 16,2%-ը ունեցել է դրական արդյունք: Ընդհանուր առմամբ, անցյալ տարվա փետրվարի 21-ից սկսած, COVID-19-ը հայտնաբերվել է 222 391 լիբանանցիների մոտ, ապաքինվել է 143 716-ը, մահացել՝ 1629-ը: Օրական հոսպիտալացվել է 1549 մարդ, նրանցից 585-ը տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունքներ, 173-ը միացվել են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։