Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշումը ճնշելու փորձը ոչ մի լավ բանի չի բերի. ՌԴ պատգամավոր
- Anews
- Dec 15, 2022
- 1 min read

Ես իմ պարտքն եմ համարում պնդել, որ միջոցներ ձեռնարկվեն Լաչինի միջանցքի ճանապարհը ապաշրջափակելու համար, քանի որ դա համապատասխանում է բոլոր նախկին պայմանավորվածություններին, իսկ ցանկացած պատրվակով այն արգելափակելու փորձը չի դիմանում որեւէ քննադատության եւ ագրեսիայի ու սադրանքի ձեւ է։ Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ «Ես, անշուշտ, սադրիչ եմ համարում Ադրբեջանի գործողությունները ոչ միայն Լաչինի միջանցքի Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակելու, այլեւ սեպտեմբերին տեղի ունեցած նախորդ իրադարձությունների հարցում, երբ մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զորքերը 8 կմ խորացել էին Հայաստանի տարածքում՝ Ջերմուկում։ Ղարաբաղյան հակամարտության սկզբից, ծանոթանալով իննսունականների իրավիճակին, ես եկել եմ խորը համոզման, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշումը ճնշելու փորձը ոչ մի լավ բանի չի բերի։ Կարող են ադրբեջանական կողմի ժամանակավոր հաջողություններ լինել, բայց եթե Ադրբեջանը, ինչպես ինքն է ցույց տալիս, տրամադրվել է էթնիկ զտումների, որ ստիպի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքել իրենց հողերը, ապա դա աշխարհի ու Կովկասում խաղաղության համար ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Այն բանից հետո, երբ գազն անջատել են, արդեն դժվար է պատկերացնել, որ սա ինքնագործունեություն է։ Ընդ որում, խոսքը ոչ թե ոսկու հանքավայրում աշխատանքի պայմաններին ծանոթանալու մասին է, իբր բնապահպանության շահերից ելնելով, այլ այն մասին, որ հսկողության տակ դրվեն ՆԳՆ-ն ու ԼՂՀ մյուս ծառայությունները։ Այսինքն՝ այս ճնշման օգնությամբ փորձ է արվում հասնել միակողմանի առավելությունների՝ կարգավորման եւ քաղաքական լուծման փոխարեն, ինչը պահանջում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը»,- նշել է Զատուլինը։
Comments