top of page
Search

Լաչինի միջանցքի շրջափակումն անօրինական է և անմարդկային․ Ռասմուսեն



Այսօր ես այցելեցի երկրի հարավային շրջաններ, որպեսզի իմ աչքով տեսնեմ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար, Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր-նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ «Ես եղել եմ հիանալի քաղաք Ջերմուկում, որտեղ քաղաքապետը ցույց է տվել ադրբեջանական զինուժի հարձակումից հետո քաղաքում մնացած բացասական հետեւանքները, եւ ինչպես է դա ազդել զբոսաշրջության վրա։ Ավելի վաղ ես այցելել էի Լաչինի միջանցք, որը միակ կապող օղակն է Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ։ Անցյալ տարվա դեկտեմբերին Ղարաբաղի հայերին Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը փակվեց։ Լաչինի միջանցքի շրջափակումն անօրինական է եւ անմարդկային»,-ասել է նա։  Ռասմուսենի խոսքով՝ ինքը հանդիպել է մի խումբ մարդկանց հետ, որոնք ապրում էին Ղարաբաղում, եւ նրանք պատմել են Լեռնային Ղարաբաղում տիրող ճգնաժամային իրավիճակի մասին: «Շրջափակումը նշանակում է, որ պարենամթերքն ու դեղորայքը շատ փոքր քանակությամբ են ստացվում, իսկ դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում բավարար քանակությամբ պարենամթերքի եւ դեղորայքի պակաս կա։ Մենք բախվում ենք հումանիտար ճգնաժամի, որը կարող է վերածվել հումանիտար աղետի։ Այս շրջափակումն օրինական չէ, շաբաթներ առաջ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ տրանսպորտի անարգել երթեւեկությունը։ Այդ որոշումը պարտադիր է, եւ Ադրբեջանը պարտավոր է բացել Լաչինի միջանցքը։ Ես դիմում եմ նախագահ Իլհամ Ալիեւին, անհապաղ դադարեցրեք Լեռնային Ղարաբաղի շրջափակումը»,-ասել է Ռասմուսենը։

 
 

Comments


bottom of page