Իրանն ու Ռուսաստանը համատեղ խողովակաշար կկառուցեն
Իրանական հոլդինգը ծրագրում է ռուսական ընկերությունների աջակցությամբ նավթամթերք մղելու համար խողովակաշար կառուցել։ Այս մասին հայտարարել է Mustazafan Foundation-ի հետ կապված Sina Energy Gostar հոլդինգի գլխավոր տնօրեն Մոհամմադ Զիյարը։ Նա ներկայացրել է փաստաթղթի մանրամասները, որը ստորագրվել է վերջերս Ռուսաստան Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջիի կատարած այցի ժամանակ՝ «Ռաֆսանջան-Մեշհեդ» նավթամուղի (արեւելյան էներգակիրների շուկան մատակարարող) իրականացման գործում համագործակցելու նպատակով, այն հայտնի է նաեւ որպես «Տաբաշ» խողովակաշար: «Այս համագործակցության փաստաթուղթը ստորագրվել է Իրանի եւ Ռուսաստանի համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստում՝ Sina Energy Gostar Holding-ի եւ «Պրոմսիրյոիմպորտ» պետական ընկերության միջեւ, եւ փաստաթղթում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա «Տաբաշ» խողովակաշարը կկառուցեն այս երկու ընկերությունները»,- ասել է նա, հայտնում է SHANA-ն: «Բանակցությունների հիման վրա Ռաֆսանջանից Մեշհեդ 948 կմ երկարությամբ խողովակաշարի կառուցումը՝ երկու պոմպակայանների եւ երեք տերմինալների հետ միասին, կիրականացվի EPC+F պայմանագրի շրջանակներում՝ Sina Energy Gostar Holding-ի եւ ռուսական ընկերության համագործակցությամբ»,- հավելել է նա։ Նրա խոսքով, այս նախագծի իրականացումը կտեւի չորս տարի, եւ որոշվել է, որ ռուսաստանցիները ֆինանսական միջոցներ կտրամադրեն այդ նախագծի համար։ «Այս խողովակաշարի շահագործման հաշվին հնարավոր կլինի օրական 150 000 բարել հզորությամբ նավթամթերք մղել»։
Comments