top of page
Search

Իրանին միջուկային գործարքի ավելի լավ առաջարկ չի արվի․ Ֆրանսիայի ԱԳՆ



Իրանին չի արվի միջուկային գործարքի ավելի լավ առաջարկ, քան այն, որն արդեն սեղանին է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան՝ նշելով, որ Թեհրանը պետք է որոշում կայացնի, քանի որ լուծում գտնելու պատուհանը փակվում է, փոխանցում է AFP-ն։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ամիսներ շարունակ անուղղակի բանակցությունները մի քանի հարցերի շուրջ փակուղի են մտել: «Սեղանին ավելի լավ առաջարկ չի լինի, եւ Իրանը պետք է ճիշտ որոշումներ կայացնի»,- Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում լրագրողներին ասել է Կոլոննան՝ հավելելով, որ իրավիճակն ապաարգելափակելու նախաձեռնություններ չեն ձեռնարկվել: Արեւմտյան դիվանագետներն ասում են, որ այս պահին ակտիվ բանակցություններ չկան, եւ քիչ հավանական է, որ բեկում լինի մինչեւ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրությունները։ Նրանք Իրանին մեղադրել են նահանջելու մեջ, ինչը Թեհրանը հերքում է։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կիրակի օրը հայտարարել է, որ Իրանը լրջորեն կվերաբերվի միջուկային համաձայնագրի վերսկսմանը, եթե երաշխիքներ լինեն, որ ԱՄՆ-ն այլեւս դուրս չի գա դրանից, ինչպես արեց նախագահ Դոնալդ Թրամփի օրոք: Դիվանագետների խոսքով՝ ԱՄՆ-ը 2,5 տարի որոշակի երաշխիքներ է տվել, սակայն դրանից այն կողմ գնալ չի կարող։ Իրանի միջուկային թիմին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Թեհրանը այլեւս շահագրգռված չէ վերսկսել գործարքը, որը ընդամենը 2 տարի կարող է տեւել։ «Մեր միջուկային ծրագիրը զարգանում է ամեն օր, եւ այս անգամ ժամանակը մեր կողմն է: Թող անհանգստանան դրա համար»,- ասել է աղբյուրը։

0 comments

Comments


bottom of page