Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Իրականացվում է խիստ վերահսկողություն բոլոր անցակետերում


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը փոխվարչապետն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվել է կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի շրջանակում ձեռնարկվող միջոցառումների ընթացքից: Նախարարը նշել է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման չորս դեպք, որից երեքն արձանագրվել է երեկ: «Պացիենտներից երեքն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն: Միայն մեկն ունի այս պահին գանգատներ և աջակողմյան բազալ թոքաբորբ է, ստանում է բուժում: Մնացած պացիենտները որևէ բուժում չեն ստանում: Հայտնաբերման հետ կապված միջոցառումներից ուզում եմ տեղեկացնել, որ վերջին 3 պացիենտներից բոլորը Հայաստանի Հանրապետություն են ժամանել Իտալիայից վերջին մի քանի օրերին, ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագետների հսկողության տակ՝ թե՛ տնային այցերի, թե՛ հեռախոսային կապի միջոցով: Գանգատներ ի հայտ գալու պես հոսպիտալացվել են, փաստորեն նրանց մոտ հաստատվել է այդ վիրուսի առկայությունը: Մյուս կանխարգելիչ միջոցառումներից են այդ մի քանի օրերին պացիենտների հետ կոնտակտի մեջ եղած անձանց հայտնաբերումը և մեկուսացումը: Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ մենք ունենք ևս 31 հոգի: Ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում՝ բավական մեծ թվով անձանց, հնարավոր է նրանց թվում նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահման վայրում օրվա ընթացքում»,-նշել է Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ օդանավակայանում կանխարգելիչ աշխատանքները շարունակվում են։ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ հայտնել է, որ տրված համապատասխան հանձնարարականներից հետո խստացվել է հսկողությունն օդանավակայանում: «Բացի ռիսկային գոտիներից, անկախ ուղղությունից բոլոր ուղևորները լրացնում են հասցեական քարտեր: Դա պարտադիր պահանջ է՝ ինքնաթիռում են լրացնում: Ովքեր ինքնաթիռում չեն լրացրել՝ վայրեջքից հետո պարտադիր լրացնում են, որպեսզի կարողանան երկիր մուտք գործել: Այսօր առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ, Ձեր հանձնարարականից հետո ընդհանուր առմամբ 6300 հասցեական քարտ է լրացվել: Հսկողությունը շարունակվում է նաև ցամաքային և մնացած անցակետերի մասով»,- նշել է Արթուր Ասոյանը՝ ավելացնելով, որ բոլոր կանխարգելիչ աշխատանքներն իրականացվում են Առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցելով:

Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ կիրակի օրը՝ մարտի 15-ին մեկ չարթերային թռիչք կլինի Հռոմից դեպի Հայաստան: Անդրադառնալով կորոնավիրուսի պատճառով դասերը հետաձգելու հարցին՝ փոխվարչապետը նշել է, որ նմանատիպ որոշումների համար նվազագույնը կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն վիրուսի տարածման մասին: «Մեր դեպքերը շատ տեղայնացված են և կոնկրետ, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ ու դեռևս նմանատիպ հարց քննարկելու կարիք չկա, խուճապի կարիք էլ չկա: Իրականում տարածաշրջանում նվազագույն դեպքերով երկիրն ենք և բավականին խիստ վերահսկողություն է իրականացվում բոլոր անցակետերում»,- ասել է Տիգրան Ավինյանը: Նա նշել է նաև, որ ամենօրյա ռեժիմով օպերատիվ աշխատում են բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ, եթե կարիքը լինի՝ նման որոշում մեկ օրվա ընթացքում կկայացվի: