Իտալիայում շոգի ալիքը հուլիսին մահացությունների 29 տոկոս աճի է հանգեցրել
Այս ամառ Ապենիններում շոգը հուլիսին մահացության 29 տոկոս ավելացման է հանգեցրել՝ ազդելով 65-ից բարձր տարիքային խմբերի վրա, հայտնել է Իտալիայի առողջապահության նախարարությունը։ Մահացության մակարդակի աճը վկայում է այն մասին, որ մահացությունների իրական թիվը գերազանցել է սպասվող թիվը որոշակի ժամանակահատվածի համար: Առողջապահության նախարարության վերլուծությունն ընդգրկել է 33 խոշոր քաղաք, որտեղ ամենալուրջ հետեւանքները զգացել են 85 տարեկանից բարձր բնակչության ամենատարեց շերտերի ներկայացուցիչները։ Հյուսիսային քաղաքներում նրանց շրջանում ավելորդ մահացությունը 41 տոկոս է կազմել, Իտալիայի կենտրոնում եւ հարավում՝ 35 տոկոս։ Հուլիսին Մթնոլորտային եւ կլիմայի հետազոտությունների ազգային ինստիտուտի (Isac) փորձագետները հայտնել են, որ 2022 թ. առաջին յոթ ամիսներին Իտալիայում ջերմաստիճանն այնքան բարձր է եղել, որ այս տարին կարող է ամենաշոգը լինել Ապենիններում օդերեւութաբանական դիտարկումների ավելի քան 200 տարվա ընթացքում: Այնուհետեւ գիտնականները հայտնել են, որ անցած հուլիսը ռեկորդային երկրորդ ամենաշոգ ամիսն էր, որին գերազանցել է միայն 2003-ի անոմալ ամիսը: Օդերեւութաբանները հուլիսին ռեկորդային միջին ջերմաստիճան էին գրանցել. այն 2.26 աստիճանով բարձր է 1800-ից ի վեր գրանցված միջին ջերմաստիճանից։ Ինչ վերաբերում է այս տարվա առաջին յոթ ամիսներին, ապա այդ ցուցանիշը գերազանցում է միջինը 0.98 աստիճանով։ 2021 թ. օգոստոսի սկզբին Սիցիլիական Ֆլորիդա գյուղում օդի ջերմաստիճանը 48.8 աստիճանի էր հասել։ Այսպիսով, գերազանցվել է համաեվրոպական ռեկորդը, որը, ըստ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության, պահպանվում էր 1977 թ. հուլիսից, երբ Աթենքում 48 աստիճան շոգ էր գրանցվել։
Commentaires