top of page

Իսպանիայի Մալագա քաղաքում հայկական եկեղեցի է բացվել

  • Anews
  • Jul 24, 2022
  • 1 min read

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ` Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը հուլիսի 21-23-ը հովվական այցով Իսպանիայի հարավում գտնվող Մալագա քաղաք է այցելել, ինչի նպատակը եղել է Մալագայում նորակառույց հայկական եկեղեցու «Դռնբացեքի» և սրբապատկերների օծման արարողություններն էին: Այս մասին տեղեկացրին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության դիվանից։ «Արարողությունից առաջ Սրբազան Հայրը` ուղեկցությամբ Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ` Տեր Շնորհք աբղ. Սարգսյանի հանդիպում ունեցավ տեղի եկեղեցական խորհրդի անդամների հետ` քննարկելու համար առաջիկայում եկեղեցու վերջնական օծման, կիրակնօրյա դպրոցի բացման և ընդհանրապես համայնքային կյանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո ըստ պատշաճի կազմակերպելու հարցեր: Ժողովից հետո Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի նախագահությամբ և ընթերակայությամբ հայրապետական պատվիրակի փոխանորդի կատարվեց եկեղեցու «Դռնբացեքի» արարողություն և Սրբապատկերի օծման կարգ: Արարողության ավարտին Սրբազան Հայրը խոսքն ուղղելով բոլոր ներկաներին նշեց, որ այս եկեղեցին պետք է լինի բոլոր հայերի տունը և բոլորը հոգ պետք է տանեն այն կյանքով լցնելու համար: Սրբազան Հայրը նաև իր գնահատանքի խոսքը բերեց, բոլոր բարերարներին, ովքեր մտահաղացել ու միասնականորեն իրականություն են դարձրել Իսպանիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի ունենալու գաղափարը, որն ի դեպ առաջին հայկական եկեղեցին է ողջ Իսպանիայի տարածքում: Հավարտ եկեղեցական արարողությունների, եկեղեցում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ, ուր հնչեցին Կոմիտասի Պատարագից հատվածներ և այլ կոմիտասյան ազգային երգեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


bottom of page