Search

Իջևանում ընտրությունների օրվա նշանակումը կապված չէ անտառահատման արգելքի հետ


Թերթերից մեկն այսօր հոդված էր հրապարակել, որում անդրադարձել էր Տավուշի մարզի Իջևան և Խաշթառակ համայնքների ընտրությունները տարբեր օրերին նշանակելու հանգամանքին։ Ըստ թերթի` Իջևանում կայանալիք ընտրությունների օրը դիտավորյալ հետաձգվել է, քանի որ իջևանցիների մոտ դեռևս թարմ է «անտառային պատերազմի» հիշողությունը։ «Եթե ընտրությունն անցնի սեպտեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն հաղթելու շանս չունի: Ու որոշվել է հետաձգել ՏԻՄ ընտրությունը»,- գրել է լրատվամիջոցը:

Իբրև հիմնավորում թերթը բերում է այն հանգամանքը, որ Իջևանի նախորդ ընտրությունները եղել են 2015 թվականի սեպտեմբերի 13-ին, իսկ Խաշթառակինը՝ սեպտեմբերի 20-ին։ 2019 թվականի համար Խաշթառակում ընտրությունները նշանակվել  են սեպտեմբերի 29-ին, մինչդեռ Իջևանինը՝ դեկտեմբերի 8-ին։

Տարբերության պատճառը, սակայն, բոլորովին այլ է, քան թերթի ներկայացրածը։

Այսպես, 2015 թվակաի ընտրություններից հետո Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը լիազորությունները ստանձնել է սեպտեմբերի 25-ին, մինչդեռ Իջևանի ղեկավար Վարդան Ղալումյանը համայնքի ղեկավարի լիազորությունները ստանձնել է դեկտեմբերի 22-ին։ Պաշտոնի ստանձման այս տարբերությունը կապված է այն հանգամանքով, որ Իջևանում կայացած նախորդ ընտրություններից հետո ղեկավարը իր լիազորությունները ստանձնել է դեկտեմբերի 22-ին։ Վերջինս չէր կարող ստանձնել լիազորություններն ավելի վաղ, քան նախորդ պաշտոնավարման ժամկետի լրացումն է։

ՀՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քվեարկության օրը պետք է լինի մինչև լիազորությունների ժամկետի լրանալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ»: Հաշվի առնելով, որ Իջևանի համայնքապետը լիազորությունները ստանձնել է 2015-ի դեկտեմբերի 22-ին, հետևաբար կայանլիք ընտրությունների մասին հայտարարություն պետք է արվի ոչ ուշ քան սույն թվականի հոկտեմբերը։ Հարկ է նշել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2018 թվականի հուլիսի 17-ի N 26-Ա որոշմամբ՝ 2019 թվականի ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել 2019 թվականի փետրվարի 17-ը, հունիսի 9-ը և սեպտեմբերի 29-ը։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ աշխատանքային համագործակցության արդյունքում, ս․թ․ հուլիսի 30-ի N 37-Ա որոշմամբ՝  2019 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության ևս մեկ օր է սահմանել` 2019 թվականի դեկտեմբերի 8-ը։ Տավուշի մարզպետարանը, ընտրության օր նշանակելիս, առաջնորդվելու է հենց այս որոշումով։ Իսկ հերթական ընտրությունների անցկացման ևս մեկ օր սահմանելու հետ կապված՝ ԿԸՀ-ն հայտնում է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով հանրապետութան մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետները, ընտրությունների նախապատրաստաման, կազմակերպման, ինչպես նաև արդյունքների բողոքարկման համար օրենքով սահմանված ընթացակարգերը և ժամկետները:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia