Search

Իշ­խա­նու­թյու­նը վա­րում է մի­այն մեկ՝ իր իշ­խա­նու­թյունն ավե­լաց­նելու քա­ղա­քա­կա­նու­թյուն. Աղ


«Ընդդիմության ինստիտուտի նկատմամբ ունեցած իշխանության ընկալումները և առհասարակ քաղաքական դիսկուրսն առկա իրավիճակի ֆոնին որոշակի հարցեր են առաջացնում: Ակնհայտ է նաև, որ ընդդիմության նկատմամբ ընկալումները հաճախ սկսվում են հեգնանքով, ավարտվում՝ «մուննաթով»: Իշխանության ինստիտուտն ընկալելու հարցում ևս ամեն ինչ հարթ չէ: Խոսելով վերոնշյալ թեմայի շուրջ՝ քաղաքագետ Աղասի Ենոքյանը «Փաստի» հետ զրույցում խոսեց միանգամից մի քանի գործոնների մասին:

Խոսելով իշխանություն-ընդդիմություն դիսկուրսի, իշխանության ներկայացուցիչների կողմից ընդդիմության ինստիտուտի նկատմամբ ունեցած ընկալումների մասին՝ քաղաքագետն ընդգծեց.

«Իշխանությունը բազմիցս հայտարարել և ամեն հարմար առիթով հայտարարում է, որ ինքը ժողովրդի իշխանությունն է: Համաձայն այդ ընկալման՝ կարծում են, որ միայն իրենք իրավունք ունեն խոսել ժողովրդի անունից, իսկ մնացածները պատահականություններ են, ընդհանուր թրենդից դուրս գտնվող ինչ-որ մարգինալներ: Իշխանության ընկալումն է այդպիսին. այն, ինչն իրենց ասածին հակառակ է, դուրս է իրենց ասածից, լուրջ չէ: Իշխանության ընկալմամբ՝ միակ ճիշտն ինքն է և միայն ինքն իրավունք ունի ներկայացնել երկրի զարգացման տեսլականները:

Այդուհանդերձ, իշխանությունն այդպես էլ տեսլականներ չի առաջարկել, բայց նաև չի էլ համարում, որ մյուսներն ունեն այդ տեսլականները առաջարկելու իրավունքը: Մյուս կողմից՝ իշխանության մոտ կա շոու սարքելու մեծ ցանկություն, ինչն իր պատճառն ունի: Այդ ցանկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նույն Ազգային ժողովն ընկալվի որպես քաղաքական մարմին, քննարկվի հասարակության շրջանում, ռեպորտաժներ լինեն, որովհետև այնտեղ, մեծ հաշվով, ոչինչ տեղի չի ունենում: Իսկ երբ շոուներ են լինում, միմյանց վիրավորում են, հեգնանքով են խոսում, ինչը բավականին լավ նյութ է դառնում»,-նկատում է քաղաքագետը:

Իսկ «միակ ճիշտը» լինելու ճանապարհը, ըստ Ա. Ենոքյանի, այլ տեղ է տանում. «Ակնհայտ է, որ Հայաստանում մենիշխանություն հաստատելու փորձ է արվում, որովհետև մենք տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը միտինգային եղանակով վերցրեց գործադիր իշխանությունը, միտինգային եղանակով վերցրեց օրենսդիրը և նույն եղանակով փորձեց վերցնել նաև դատական իշխանությունը, ինչը չստացվեց, բայց հիմա այլ մեթոդներ է փորձում: Այս ճանապարհը պետք է տանի մենատիրության:

Երբ անգամ թույլ չի տրվում, որ հակառակ կարծիք հնչի, և չի լսվում արտահայտված հակառակ կարծիքը, «միակ ճշտի» գաղափարն, ի վերջո, տանելու է ավտորիտար համակարգի վերականգնման՝ անգամ ֆորմալ առումով: Այսինքն՝ եթե նախկինում մենք ասում էինք, որ համակարգը ավտորիտար է, բայց տեսնում էինք, որ դատարանները, լրատվամիջոցները գոնե որոշակի անկախություն ունեին, ապա հիմա այս ճանապարհն այնպիսին է, որի դեպքում այդ ինստիտուտները կարող են կորցնել անկախությունը: Համենայն դեպս, նոր իշխանությունների ցանկությունը և քայլերի տրամաբանությունն է այդպիսին»:

Քաղաքագետը նկատում է՝ բոլոր իշխանությունների բնույթը նույնն է. «Իշխանությունը հիմա ցանկանում է ունենալ ավելի շատ իշխանություն: Բոլոր իշխանություններն են այդպիսին, ուղղակի սովորաբար այդ ցանկությունը սահմանափակված է լինում Սահմանադրությամբ: Մարդիկ և հատկապես քաղաքական գործիչներն իրավունք չունեն անել քայլեր, որոնք դուրս են մարդկային համակեցության կանոններից: Այս ամենը, ի վերջո, սահմանափակվում է նաև ընդդիմությամբ. այսինքն, երբ լինում է ուժեղ ընդդիմություն, այն թույլ չի տալիս, որ իշխանություններն անեն այն ամենը, ինչն իրենք են ցանկանում: Հիմա մեզ մոտ չկան նշվածները կամ շատ թույլ են արտահայտված, և իշխանությունները փորձում են օգտագործել այդ հանգամանքը՝ ավելի շատ իշխանություն ստանալու համար: Այսօր իշխանությունը վարում է միայն մեկ քաղաքականություն՝ իր իշխանությունն ավելացնելու քաղաքականություն: Չենք տեսնում տնտեսական քաղաքականություն, խոսում են դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին, բայց այդ առումով ևս որևէ քայլ չենք տեսնում, բացի դատարանները փակելուց: Խոսում են հակակոռուպցիոն քաղաքականության մասին, բայց այդ ուղղությամբ ևս քայլեր չկան»»,-գրում է թերթը:

#Նյութն #ամբողջությամբ #կարող #եք #կարդալ #թերթի #այսօրվա #համարում:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia