Search

Ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստով 158 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն


Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Մարտի 25-ի ժամը 20։30-ի դրությամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով կազմվել է 158 արձանագրություն, որից 84-ը՝ մայրաքաղաքում, 74-ը՝ մարզերում։ 40 անձ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ։ Նրանք ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ»,- նշել է Ահարոնյանը։

ՀՀ ոստիկանությունը հորդորում է մարդկանց խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը։

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 անձ, մեկուսացումից դուրս եկել 88-ը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia