Search

Ինչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից


««Չեմ կարծում, որ այցն ինչ-որ լուրջ արդյունքով աչքի է ընկնելու, լինելու են աշխատանքային քննարկումներ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս փորձագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի՝ հոկտեմբերի 1-ին Երևան կատարելիք աշխատանքային այցին:

Հիշեցնենք, որ օրերս լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Երևան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի հանդիպմանը, ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ է սպասել, իսկ լուրերը, որ ռուսաստանյան լիդերը կարող է հրաժարվել մասնակցությունից, չի համապատասխանում իրականությանը։

«Ես ինքս ՌԴ նախագահի այցելության չեղարկման մասին լսել եմ միայն լրատվամիջոցներից։ Իհա՜րկե, Պուտինի այցին ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ է սպասել»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի՝ Երևանում անցկացումը համատեղ որոշման արդյունք է։

«Պետք է կասկածի տակ դնել այցը, պետք չէ, ես այլ տեղեկատվության չեմ էլ տիրապետում», – ասել է ՌԴ դեսպանը։

Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ այցի առիթը բազմակողմ միջոցառմանը նրա մասնակցությունն է: Ուստի, ըստ նրա, ողջ օրակարգը կենտրոնացած է լինելու ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում: «Իհարկե, նման միջոցառումներից դուրս լինում են նաև երկկողմ հանդիպումներ և բանակցություններ, բայց ավելի ընդարձակ երկկողմ օրակարգ  ակնկալել այս այցից երևի թե հարկ չկա: Բայց այցը կարևոր է, քանի որ սա առաջին այցն է լինելու ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, գուցե այն փարատի մի շարք կասկածներ ու մտահոգություններ, որոնք կան երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակի վերաբերյալ: Բայց երկկողմ մտահոգություններ միշտ էլ եղել են հայ-ռուսական հարաբերություններում, կարծում եմ՝ ներկայումս գերագնահատել դրանք հարկավոր չէ: Չեմ կարծում, որ այցն ինչ-որ լուրջ արդյունքով աչքի է ընկնելու, լինելու են աշխատանքային քննարկումներ»,- ասաց Լուկիանովը:

Ինչ վերաբերում է գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցություններին, Լուկիանովն ասաց, որ դրանք, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվեն: Բացի քաղաքական բաղադրիչից, ըստ նրա, գազի գները ձևավորվում են միջազգային շուկայում:

«Ուստի, եթե Ռուսաստանը կարողանա գին չբարձրացնել, չի բարձրացնի»,- ասաց նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia