top of page

Ինչպե՞ս են արյան թիթեղիկները մասնակցում մակարդելիությանը և այլ գործընթացներում

  • Anews
  • Mar 8, 2023
  • 1 min read




Արյան թիթեղիկները կամ թրոմբոցիտներն արյան ամենափոքրաքանակ բջիջներն են, որոնք մասնակցում են արյան մակարդման գործընթացներին:

Դրանց թիվը 1 միկրոլիտր արյան մեջ 180-ից մինչև 400 հազար է:

Արյան թիթեղիկները հանդիսանում են արյան բջիջների՝ ձևավոր տարրերի երեք հիմնական տեսակներից մեկը: Դրանք արտադրվում են կարմիր ոսկրածուծում։ Արյան թիթեղիկները սկավառակաձև են, ունեն 2-5 մկմ տրամագծ և կորիզազուրկ են, իսկ կյանքի տևողությունը 7-10 օր է, գրել է Aysor.am-ը։

Երբ ինչ-որ պատճառ բերում է արյունատար անոթի պատի վնասման, արյան թիթեղիկները կուտակվում են վնասվածքի տեղում, միաձուլվում կամ կպչում իրար՝ «ագրեգացիա», և անջատում նյութեր, որոնք ունեն արյան անոթը սեղմող և մակարդուկի առաջացման գործընթացին սկիզբ դնող ունակություններ:

Թրոմբոցիտները կարող են արտադրել բազմաթիվ նյութեր, որոնք մասնակցում են արյան մակարդմանը՝ բոլոր փուլերում։ Դրանք կոչվում են թրոմբոցիտային մակարդելիության գործոններ:

Թրոմբոցիտային մակարդելիության գործոններ են՝

թրոմբոցիտային թրոմբոպլաստին, որը մասնակցում է արյան մակարդման առաջին փուլին,

հակահեպարինային գործոն, որը կապում է հեպարինը և արագացնում մակարդման ընթացքը,

մակարդիչ գործոն կամ ֆիբրինոգեն՝ մասնակցում է թրոմբոցիտների ադհեզիայի և ագրեգացիայի գործընթացին,

թրոմբոստենին՝ իրականացնում է գոյացած մակարդուկի խտացման գործընթացը,

սերոտոնին՝ որպես անոթասեղմիչ նյութ, սեղմում է վնասված հյուսվածքի անոթները և նպաստում արյունականգին,

ագլյուտինացիայի գործոն. նպաստում է թրոմբոցիտների ագրեգացիային:

Արյան թիթեղիկներից անջատվել է նաև թրոմբոցիտների աճի գործոնը, որը խթանում է անոթների հարթ մկանների աճը և պահպանում էնդոթելային շերտի ամբողջականությունը։

Արյան թիթեղիկները ֆիզիոլոգիական տարբեր պայմաններում կամ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև բուժումներ ստանալիս (օրինակ՝ որոշ դեղերի ընդունումից) կարող են շատանալ կամ քչանալ: Թիթեղիկների շատացումը (թրոմբոցիտոզ) բերում է արյան մակարդելիության բարձրացման, իսկ քչացումը (թրոմբոցիտոպենիա)՝ վերջինիս թուլացման:

Ֆիզիոլոգիական թրոմբոցիտոզի օրինակներից են՝

սննդի մարսողությունը,

ծանր ֆիզիկական աշխատանքը,

հուզական սթրեսը,

ցավը,

քաղցի զգացումը,

հղիությունը:

Ֆիզիոլոգիական թրոմբոցիտոպենիայի օրինակներից են՝

գիշերային քունը:

Ախտաբանական թրոմբոցիտոպենիայի կլինիկական նշանները (արյունահոսության հակում՝ ընդհուպ մինչև կյանքին վտանգ սպառնացող) զարգանում է այս բջիջների՝պակաս քան 50 հզ/մկլ քանակների դեպքում:

 
 
 

Comments


bottom of page