Search

Ժողովրդին ստիպում են, որ գնան արտերկիր գողություն անեն. Սարգիս Միքայելյան

Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող «Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները փակել են Բաղրամյան պողոտան: Նրանք պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: «Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Միքայելյանի խոսքով, մարդիկ պահանջում են օբյեկտիվ մոտեցում։ «Բայց եկեք և տեսեք, որ մայիսի 23-ին, Ալեն Սիմոնյանի նախագիծը ստանում է մի դրական եզրակացություն, որը աբսուրդ է: Հստակ խախտվում է լիցենզավորման մասին օրենքը այն դրույթով, երբ տնտեսական հարցերի հանձնաժողովում հնչեցվում է, թե էլեկտրոնային սարքավորումներով կազմակերպվող վիճակախաղերը օրենքի ընդունումից տասնօրյա ժամկետում պետք է կասեցվեն. դա կոպիտ խախտում է: Մեր պահանջն է՝ առաջին հերթին չխախտել օրենքը, երկրորդ, ստեղծել հնարավորություն, որ յուրաքանչյուր ընկերություն իր ունեցած արտադրանքով կարողանա աշխատել 1,5 տարի, և հետագայի համար ճանապարհ հարթել, խոստանալ ժողովրդին, որ կստեղծվեն նոր աշխատատեղեր, կլինեն ներդրումներ այլ ֆորմատով կամ ուրիշ ոլորտներում»,- ասաց «Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ-ի տնօրենը: Նա հավելեց. «Բերում ենք մի ականջահաճո նախագիծ, որը սպասարկում է մեկ ընկերության շահը: Ժողովրդին ստիպում են, որ գնան արտերկիր գողություն անեն կամ մնան երկրում ու դառնան նպաստառու. էտպես հարց չեն լուծում»

Նշենք, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովը հավանություն է տվել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից:

Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Սիփան Փաշինյանը։ Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարևոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում։

#բողոքիակցիա #ԳուդվինԲԵՏ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia