top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Թուրքիան պետք է դադարեցնի սիրիական տարածքների օկուպացիան. Սիրիայի ԱԳՆ


Թուրքիան պետք է դադարեցնի սիրիական տարածքների օկուպացիան եւ երկրում որոշ խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք ոչ մի պայման չենք դնի, բայց թուրքական օկուպացիան Սիրիայի տարածքում պետք է ավարտվի, որոշ խմբավորումների աջակցությունը պետք է դադարեցվի, պետք չէ միջամտել Սիրիայի ներքին գործերին»,- ասել է Միքդադը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է նա գնահատում Սիրիայի հարցով Թեհրանի եռակողմ գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաեւ այս հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը Սոչիում։ Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է համոզել Թուրքիային Սիրիայից դուրս գալու անհրաժեշտության մեջ։ «Դա միակ ճանապարհն է, որպեսզի անվտանգությունն ու կայունությունը վերադառնան Սիրիայի տարածք։ Թուրքական օկուպացիան Սիրիայի տարածքում պետք է ավարտվի, որպեսզի հարաբերությունները վերադառնան այն վիճակին, որում եղել են պատերազմից առաջ»,- ընդգծել է Միքդադը։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Էբրահիմ Ռաիսիին Սիրիայի հարցում իրենց դիրքորոշման համար։ «Մենք կարծում ենք, որ նրանք արդար, իմաստուն դեր խաղացին՝ ձգտելով չմիջամտել որոշ երկրների գործերին եւ հարգանք ցուցաբերեցին Սիրիայի նկատմամբ։ Հռչակագիրը, որն ընդունվեց այդ հանդիպման արդյունքում, ներկայացնում է մեր շահերը»,- ասել է Միքդադը։ Նա նաեւ նշել է, որ «առանց ԱՄՆ-ի՝ Սիրիայից դուրս գալու եւ առանձին անջատողական կազմակերպություններին ԱՄՆ աջակցության դադարեցման» Մերձավոր Արեւելքում խաղաղություն չի լինի։ Նախարարը ուշադրություն է հրավիրել, որ այդպիսի աջակցությունը զոհերի է հանգեցնում Սիրիայի շարքային քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների, կանանց եւ տարեցների շրջանում։ «Նախաձեռնություն կա, մենք շատ ենք խնդրում, որ այն գործնականում իրականացվի, քանի որ դրա հիման վրա Սիրիան ցանկանում է շարունակել այն քաղաքականությունը, որը պահպանում է իր ամբողջականությունն ու ինքնիշխանությունը »,- եզրափակել է Միքդադը։

0 comments

Commentaires


bottom of page